Լավագույն գովազդը Հայաստանի համար, որ մեր երկիրն անվտանգ է. ի՞նչ կտա Աթենքի հաղթանակը

Հայաստանը պետք է ակտիվ գովազդ անի այն երկրներում, որտեղից կարող է մեծ թվով զբոսաշրջիկներ գան։ Ոլորտի զարգացման գլխավոր պայմանը անվտանգությունն ու կայունությունն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրի ընդգրկումը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդում: Մասնագետները դա դրական ազդանշան են համարում զբոսաշրջության ոլորտի կայացման գործում։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասաց` In TourExpo-2021 միջոցառման շրջանակում դա հերթական մեսիջն է աշխարհին, որ մեր երկիրն անվտանգ է և բաց այցելուների համար:

Հայաստանի ու Վրաստանի սահմանների բացումը նոր որոշումներ է թելադրում զբոսաշրջությանը

Ապրեսյանը նշեց, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության անդամ դառնալը նշանակում է միջազգային մակարդակով ավելի շատ ինտեգրվել զբոսաշրջության ոլորտի գործընթացներին, ավելի ակտիվորեն մասնակցել կառավարմանն ու զարգացնել սեփական զբոսաշրջությունը: Բացի այդ, ոչ պակաս կարևոր է 2022 թվականին ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության  եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստի անցկացումը։

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ և կրկնում եմ՝ նման մակարդակով միջազգային միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է մեր երկրի համար, հատկապես՝ պատերազմի և համավարակի ֆոնին։ Երկիր կգան բարձր պատվիրակություններ, որոնց ներկայացուցիչները կա՛մ մեկ անգամ ևս Հայաստան կայցելեն, կա՛մ կծանոթանան երկրին և կհասկանան, որ մեզ մոտ գալն անվտանգ է», - ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս ֆեդերացիան մտադիր է իշխանությանն առաջարկել նիստ անցկացնել ոչ միայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների պաշտոնյաների մասնակցությամբ, այլև հանդիպման հրավիրել դրա հետ փոխկապակցված բոլոր գործընկերներին: Դա թույլ կտա զարգացնել շփումները նաև բիզնեսի մակարդակով, ինչը հիանալի գովազդ կդառնա երկրի համար։

Որքա՞ն վնաս է կրել Թուրքիան ռուս զբոսաշրջիկներին կորցնելու պատճառով

In TourExpo-2021 ցուցահանդեսի կազմակերպիչ, Expo-Group ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես կարևորեց Աթենքում ձեռք բերված հաջողությունները:

Նա մտադիր է Զբոսաշրջության կոմիտեի հետ քննարկել 2022 թվականին միջոցառումներ կազմակերպվելու հնարավորությունը։ Ենթադրվում է, որ դրանց կմասնակցեն ինչպես տեղացիները, այնպես էլ ոլորտի օտարերկրյա ներկայացուցիչներ։

Ինչ վերաբերում է In TourExpo-2021-ին՝ Միրիջանյանը նշեց, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 6-ը: Այս տարի ներկայացված է 50 ընկերություն, այդ թվում՝ ընկերություններ Արցախից։ Միրիջանյանը նշեց, որ այս տարի էլ էր դժվար էքսպո կազմակերպել։ Սովորաբար այն անցկացվում է ապրիլ-մայիս ամիսներին՝ ակտիվ սեզոնից առաջ և ուղղված է հասարակությանը ոլորտի առաջարկներին ծանոթացնելուն։

Ի՞նչ են կարծում Հնդկաստանի դեսպանն ու հյուրը Բելառուսից

Հայաստանը հայտնի ուղղություն է Հնդկաստանի և Բելառուսի զբոսաշրջիկների համար։ Սակայն երկիրն ավելի գրավիչ կդառնա քաղաքական կայունության և բացարձակ անվտանգության ապահովման դեպքում։ Սրանում համոզված է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ թեև Հայաստանը հայտնի է հնդիկների շրջանում, սակայն գովազդային արշավ իրականացնելու խնդիր կա։

Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ

«Հայաստանը պետք է Հնդկաստանում ավելի ակտիվ գովազդի իր զբոսաշրջային ուղղությունները, քանի որ մեր երկրում շատ քիչ տեղեկություններ կան ձեր հանրապետության բնական գեղեցկությունների ու տեսարժան վայրերի մասին», - ասաց Դևալը:

Նրա խոսքով՝ երկրների միջև բիզնես ոլորտի ներկայացուցիչների մակարդակով կապ է հաստատվել, սակայն տուրօպերատորների միջև համագործակցություն չկա: Դեսպանը վստահ է, որ Հայաստանը կարող է զբոսաշրջային կարևոր ուղղություն դառնալ հնդիկների համար։

Հայաստանում հնդիկներին առաջին հերթին գրավում են բազմաթիվ հնագույն հուշարձաններն ու եկեղեցիները, երկրի բազմադարյա պատմությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ Հայաստանում Հնդկաստանից շուրջ 3 հազար ուսանող կա։ Մինչև համավարակը` 2019 թվականին, երկիր է ժամանել 15 հազար զբոսաշրջիկ:

Էքսպոյին մասնակցող «Բելառուսի Հանրապետության նախագահի գործերի կառավարման հյուրանոցային հոլդինգ» կազմակերպության գլխավոր տնօրեն Նիկոլայ Պոդրեզենկոն նշեց, որ Հայաստանը կարող է իսկապես հետաքրքիր լինել իրենց քաղաքացիների համար:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Բելառուսի քաղաքացիներին կգրավեն հայկական վանքերը, լավ եղանակը, ինչպես նաև հարմար լոգիստիկան: Երեք ժամում ինքնաթիռով կարելի է Մինսկից Երևան հասնել։

«Հաճույքով կգանք ձեզ մոտ», - ասաց Պոդրեզենկոն` ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է ու հույս ունի տեսնել Սևանա լիճը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 մարդ, ինչը 72 տոկոսով պակաս է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում (307 հազար 590)։

Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է

Այս տարի ամենաշատ զբոսաշրջիկները ժամանել են օդային ճանապարհով՝ 65 հազար 505 մարդ։ Ցամաքային ճանապարհով Հայաստան է հասել 21 հազար 19 մարդ, այդ թվում՝ «Բագրատաշեն» անցակետով՝ 8 հազար 773, Մեղրիով՝ 6 հազար 939, Բավրայով՝ 4 հազար 376, Գոգավանով՝ 931, Էրեբունիով՝ 968։

Միայն  ապրիլին 42 հազար մարդ Հայաստան է այցելել։