Իմ նախագահության օրոք ես ստացել եմ 3 առաջարկ․ Ռոբերտ Քոչարյանը խոսել է Մեղրիի խնդրի մասին

ՀՀ 2–րդ նախագահը նշել է, որ Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ և մեկնաբանել է` ինչու է դա սխալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Մեղրիի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնական առաջարկ չի եղել ընդհանրապես։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Երևանի Էրեբունի համայնքի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

«Իմ նախագահության ժամանակ ես ստացել եմ երեք առաջարկ․ մեկը եղել է ընդհանուր պետություն ստեղծելու մասին, մեկը՝ Քի Վեսթի գործընթացը, երբ Հեյդար Ալիևը վերջին պահին չստորագրեց, և վերջինը, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն էին։ Պաշտոնական այլ առաջարկ չի եղել»,–ասել է Քոչարյանը։

Սյունեցու վախն անհիմն չէ, կամ ադրբեջանցիները Մեղրիով կարող են տեղաշարժվել 2 նախապայմանով

Նրա խոսքով` Մեղրիի փոխանակման առաջարկը եղել է Ալիևի կողմից։ «Այդ պատճառով ես հիմա շատ զգույշ եմ վերաբերում միջանցք բառին, որովհետև նրանց նպատակը շատ ավելի լայն է, քան այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ։ Առաջարկը եղել է Ալիևի կողմից, բայց պաշտոնական ձևակերպում չի ստացել, որովհետև մեր պատասխանը եղել է հետևյալը․ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Սա շատ հասկանալի ու համոզիչ պատասխան էր։ Սակայն նա, այնուամենայնիվ, միջնորդների միջոցով փորձում էր առաջ տանել այդ գաղափարը, բայց Մինսկի խմբի շրջանակներում սա քննարկման առարկա չի դարձել»,–ասել է Քոչարյանը։

ՀՀ 2–րդ նախագահը նշել է, որ Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ, իբր Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դրան կտրուկ դեմ էին։ Նա տեղեկացրել է, որ Անվտանգության խորհրդի նիստին այս հարցը երբեք չի քննարկվել։ «Եթե նրանք դեմ էին, թվում է, թե նրանցից հետո այդ առաջարկը պետք է իրականություն դառնար։ Բայց այն ընդհանրապես կորավ։ Որևէ տրամաբանություն այստեղ չկա»,- ասել է տ Քոչարյանը։

«Ռոբերտ Քոչարյանը դեռ 1999-ին քննարկել է Մեղրին Ադրբեջանին տալու հարցը». Նիկոլ Փաշինյան

Նա նշել է, որ վերջին տարիներում մեր երկրում իրականում բոլոր ցուցանիշներն անկում են ապրել, բացի երկու ցուցանիշից՝ աղքատության մակարդակն է աճել և գերեզմանների թիվը։ Իսկ իշխանությունը, նրա խոսքով, այսօր փորձում է կիրառել տարբեր հնարքներ՝ հակառակորդի վրա կեղտ լցնելու համար, որովհետև երբ մարդն ասելիք չի ունենում, սա դառնում է նրա միակ գործիքը։

Նշենք, որ օրեր առաջ «Հայկական ժամանակը» հրապարակել էր մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված էր, իբր Ռոբերտ Քոչարյանի իշխանության կողմից Մեղրին Ադրբեջանին հանձնելու համաձայնագրը:

Փաստաթղթում խոսքը Քոչարյանի առաջարկության հիման վրա համանախագահների կազմած ԼՂ հարցի կարգավորման այն ծրագրի մասին է, որի համաձայն՝ Մեղրիի շրջանը  պետք է զիջվեր Ադրբեջանին՝ Լաչինի փոխարեն:

ՀԺ-ն գրել է, որ 1999 թվականի աշնանը, երբ Քոչարյանը այն ներկայացրել է Անվտանգության խորհրդում, Քոչարյանին կտրուկ ու կոպիտ դեմ են արտահայտվել Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը՝ դուրս գալով եւ դուռը խփելով նրա երեսին: