Աշխարհում ոչ մի կենտրոն չէր կարող պատրաստ լինել նման ծավալի աշխատանքի. Դատաբժշկականի վարիչ

Դատաբժշկի խոսքով` արցախյան պատերազմի առաջին օրվանից իրենք պահանջել են նոր սառնարանային համակարգեր և պատրաստվել են վատագույնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզային բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից մինչ օրս կենտրոնը մոտ 3500 դիակ է փորձաքննել։

«Դա ֆորսմաժորային իրավիճակ էր։ Աշխարհում ոչ մի կենտրոն չէր կարող պատրաստ լինել նման ծավալի աշխատանքի, սակայն մենք մասնագիտական և բարոյահոգեբանական ողջ ուժերը լարելով` կատարել ենք մեր պարտքը Աստծու և Հիպոկրատի առջև», – ասաց նա։

Գևորգյանի խոսքով` արցախյան պատերազմի առաջին օրվանից իրենք պահանջել են նոր սառնարանային համակարգեր և պատրաստվել են վատագույնին։

«Փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը հեշտ չէ». Փաշինյանը` աճյունների դեպքի մասին

«Պետք է հասկանալ, որ մենք գործ չենք ունեցել և ոչ մի թարմ դիակի հետ։ Որքան էլ դա ցավալի է բոլորիս համար, բայց մեզ հասել են մասնատված, կենդանիների կողմից քայքայված, հուղարկավորված ու արտաշիրիմված, որդերի թրթուրներով պատված դիեր։ Մենք ամեն դիակին վերաբերվել ենք որպես մեր որդու, բայց պետք է հասկանալ, որ կենտրոնի կողմից տիտանական աշխատանք է տարվել»,–ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ Աբովյանի դիահերձարանի դեպքը` նկուղում պարկերում պահվող դիերի մասին, մասնավոր է։

«Տրվել են մանրամասն պարզաբանումներ, հարուցվել է քրեական գործ, և նախաքննական շրջանում չենք կարող այլ տեղեկություն տրամադրել»,–ասաց Գևորգյանը։

Մայր աթոռը խստագույնս դատապարտել է զոհվածների աճյունների հանդեպ վերաբերմունքը

Նշենք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Աբովյանի դիահերձարանում պոլիեթիլենային պարկերով զինծառայողների մասունքներ են նետված գետնին։

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: