Գազալցակայանների բիզնեսն այլևս շահութաբեր չէ՞.  60 տոկոսը հարկ չի վճարում

2021թ–ի առաջին եռամսյակի տվյալներով` ՀՀ–ում գրանցված գազալցակայանների շահագործման ոլորտում աշխատող 398 ընկերություններից 242 -ի նկատմամբ ՊԵԿ–ը հարկային պարտավորությունները գանձելու վարույթներ է հարուցել։
Sputnik

Հայաստանում գազալցակայանների բիզնեսում ներգրավված ընկերությունների 60 տոկոսը հարկային խնդիրներ ունեն։ Այս մասին են վկայում ՀՀ ՊԵԿ–ից Sputnik Արմենիային տրամադրված պաշտոնական վիճակագրական տվյալները։

Դրանց համաձայն` 2021թ.–ի առաջին եռամսյակի դրությամբ ՀՀ–ում գրանցված է գազալցակայան շահագործող 398 ընկերություն։ Դրանցից 242 -ի նկատմամբ 2021թ–ի հունվարի 1-ից հետո ՊԵԿ իրավաբանական վարչությունը հարկային պարտավորությունները գանձելու վարույթներ է հարուցել։

Ընդ որում, բացառված չէ, որ մեկ ընկերությունը մի քանի լցակայան է շահագործում։ Այս դեպքում հարկային խնդիրներ ունեցող լցակայանների իրական թիվը կարող է 242 -ից շատ ավելին լինել։

Թերի կամ ոչ լիարժեք տեղեկատվություն տրամադրելուց զերծ մնալու համար ՊԵԿ–ը Sputnik Արմենիայի հարցման պատասխանում ձեռնպահ է մնացել վարչական վարույթներում ներառված գազալցակայանների քանակը նշելուց` մեկնաբանելով, որ լցակայանների հաշվառումն իրականացվում է դրանց հասցեների վրա գրանցված ՀԴՄ–ներով։ 

«Սակայն, հաշվի առնելով այն, որ ՀԴՄ–ների գրանցման ընթացքում հասցեն լրացվում է տնտեսվարողների կողմից ինքնուրույն, ուստի ոչ միշտ է հնարավոր լինում նույնականացնել ՀԴՄ–ի հասցեն»,– ասված է ՊԵԿ–ից ստացված պատասխանում։

Բայց նույնիսկ առկա տվյալները բավական են հասկանալու համար, որ Հայաստանում տարիներ շարունակ ամենաեկամտաբեր բիզնես համարվող գազալցակայաններում վերջին 1-2 տարում լուրջ խնդիրներ են առաջ եկել։

Գազալցակայաններում գազը թանկացել է ու պարզ չէ՝ հետո ինչ կլինի

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ վարչական վարույթների նման ծավալը վկայում է ԱԳԼՃԿ–ներում առկա ստվերային խնդիրների մասին։

«Շատ հաճախ ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում կամ այսպես ասած` «լևի» գազ է վաճառվում ԱԳԼՃԿ–ների միջոցով։ Եվ սա կարող է, բնականաբար, ռիսկային պայմաններ ստեղծել այս ոլորտում, և ՊԵԿ–ի քայլն այս ուղղությամբ լրիվ տրամաբանական եմ համարում»,– ասաց Պարսյանը։

Նա նաև շեշտեց, որ տարիներ շարունակ այս ոլորտում գործել են որոշակի արտոնություններ, պայմանավորվածություններ։ Ոլորտի խոշոր գործարարները, հատկապես Երևանում, միմյանց հետ նունիսկ գին էին պայմանավորում, որը միասին իջեցնում, միասին բարձրացնում էին։

«Այս ԱԳԼՃԿ–ների մի մասը կարողացել էր օգտվելով իր տարբեր կապերից` ստվերային առևտուր անել»,– ասաց Պարսյանը` հավելելով, որ ներկա վարչական վարույթների թիվը ևս ուղիղ կապ ունի այս ստվերային երևույթների բացահայտումների հետ։

Այդուհանդերձ, տնտեսագետը նկատում է, որ չնայած վարչարարության խստացմանը, սպառողները դեռ չեն ստանում ցանկալի որակի ծառայություն։ Տարբեր լցակայաններւմ տարբեր որակի գազ է վաճառվում կամ հակառակը` նույն գազը վաճառվում է տարբեր գներով, ինչ վկայում է լրացուցիչ վերահսկողության անհրաժեշտության մասին։

«Իրենք հիմա լուծում են զուտ բյուջեի խնդիր, այսինքն` հարկային մուտքերի հարցն են լուծում, բայց որակը նրանց չի հետաքրքրում։ ՊԵԿ–ը զբաղված է զուտ բյուջեի մուտքերով։ Մինչդեռ, այստեղ մեծ անելիք ունի նաև շուկաների վերահսկման տեսչությունը։ Համատեղ պետք է փորձեն այդ ծրագրերն իրականացնել»,– նկատեց տնտեսագետը։

Ի դեպ, ՊԵԿ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2020թ–ի հունվարի 1-ից ի վեր իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հարկային մարմին դիմում են ներկայացրել 13 տնտեսվարող, 19-ը այդ նույն ժամանակահատվածում ճանաչվել են սնանկ։ Այս ցուցանիշն, ըստ Սուրեն Պարսյանի, արդեն 2020թ–ի ճգնաժամի հետևանքն է, որն այսօր էլ դեռ ամբողջությամբ հաղթահարված չէ։

Գազալցակայաններում թանկացել է գազը. կամայականությո՞ւն, մրցակցությո՞ւն, թե՞ բնական հետևանք

«Տրանսպորտը տվյալ երկրում տնտեսական ակտիվության ցուցիչն է։ Օրինակ, եթե ԱԳԼՃԿ–ներում առևտուրը, շրջանառությունը նվազում է, դա խոսում է այն մասին, որ տնտեսական ակտիվությունը նվազում է»,– ասաց Պարսյանը։

Գազալցակայաններում չարաշահումների փաստերով հարուցվել է 31 քրեական գործ

Գազալցակայանների խնդիրները 2020թ–ին ավելացան նաև գազի գնի 6 տոկոս թանկացմամբ։

Հաջորդ հարվածն էլ արցախյան 44–օրյա պատերազմից հետո դրամի արժեզրկումն էր, քանի որ   գազալցակայանները գազի դիմաց վճարում են դոլարին համարժեք դրամով` 1000 խմ–ի դիմաց 255 դոլարի հաշվարկով։

Բոլոր այս գործոնների արդյունքում, փաստորեն, Հայաստանում ամենաեկամտաբեր համարվող բիզնեսը լուրջ խնդիրների առաջ է հայտնվել։ Իսկ չվճարված հարկերից տուժում է ամբողջ պետությունը։

Հոդվածը նախապատրաստելիս մենք ուսումնասիրեցինք չվճարված հարկերի դիմաց հարուցված 224 վարույթների շուրջ 10 տոկոսը։ Պարզվեց, որ 25 լցակայանների պարտքը մայիս ամսվա դրությամբ կազմում է ավելի քան 100 մլն դրամ։ Ընդ որում, դրանց մեջ կան Երևանում ու մարզերում գործող թե՛ խոշոր, թե՛ փոքր կայաններ։

Այսպես, օրինակ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գործող «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ընկերության պարտքը կազմում է 12 960 907 դրամ, Երևանի Դավթաշեն թաղամասի «ՔԱՐ ԳԱԶ ՍԵՐՎԻՍ»–ինը` 11 840 800 դրամ։ Ավելի քան 9 մլն դրամից ավելի չկատարված հարկային պարտավորություն ունի նաև Կապանի «ԱՐԿԱՐԳԱԶ» ընկերությունը, Կապանի «ՎԱՍ ԳԱԶ»–ն ունի 6 868 531 դրամ, Խնձորեսկի «Ս.Կ. ԳԱԶ»–ը` 5 716 123 դրամ պարտք։

Ինչո՞ւ են վարորդները դժգոհում. գազալցակայաններում սկսել են քաղաքացուն չխաբել

6 396 951 դրամի հարկային պարտավորություն ունի նաև Արարատ քաղաքի «Էս-Կա-Վի գազ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Կարեն Առաքելյանը 2020 թվականի մայիսի 19–ին  մեկ անգամ արդեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, ինչն այս անգամ արդեն դիտվում է որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք։

Շուրջ 7 մլն (6 989 733) դրամի հարկ չի վճարել նաև Արարատի մարզի Մրգանուշ գյուղում գործող «ԳԱԶ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությունը, 6.5 մլն–ի (6 503 857) պարտք էլ Երևանի Կոմիտասի փողոցում գործող «ԲԵՆՍ-ԳԱԶ» ընկերությունն ունի։

Կան նաև 100 000– 500 000 դրամ պարտք ունեցող լցակայաններ։ Իսկ մեծ մասի պարտքը տատանվում է 1-5 մլն դրամի սահմաններում։

Գնացե՛ք, մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք. Փաշինյան