Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ

Sputnik

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գործարկված նոր բաղադրիչի ներդրման ծրագրի պաշտոնական մեկնարկը տրված է: Տևական դադարից հետո զբոսաշրջիկները հնարավորություն կունենան վայելել արգելոցի ինքնատիպ բնության ու պատմաճարտարապետական հուշարձանների գեղեցկությունը: Ծրագրի մեկնարկին մասնակցել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. «Խոսրովի անտառ» պետական արգելոցը զբոսաշրջիկներին է ներկայանում նոր առաջարկով: Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ արգելոցի տարածքում ներդրվել է էկոտուրիզմի բաղադրիչը: Այն հնարավորություն կտա արգելոցը վերածել էկոզբոսաշրջային տեղանքի և հայկական բնաշխարհը ներկայացնել հայ և օտարերկրյա զբոսաշրջիկներին:

Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ

«Բնության հատուկ պահպանվող տարածքներում կանգուն են հնագույն եկեղեցիներ, ամրոցներ, պատմամշակութային արժեքներ, գեղատեսիլ վայրեր, այդ թվում նաև հատուկ պահպանվող ռեժիմի հուշարձաններ: Մեր խնդիրն է այդ պատմաճարտարապետական հուշարձանների և բնության հուշարձանների վրա մարդու ներգործությունը հասցնել նվազագույնի և այդ ահռելի ժառանգությունը փոխանցել հաջորդ սերունդներին»,- ասաց ծրագրի մեկնարկին ներկա Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ

Զբոսաշրջիկների համար առանձնացվել են տարբեր արահետներ, գործում են երթուղիների տարբեր առաջարկներ: Այստեղ առանձնացված հատուկ արահետներով, հիմնականում՝ էկոտեսուչների ուղեկցությամբ զբասաշրջիկները հնարավորություն կունենան այցելել Հավուց Թառ վանք, Գառնու տաճար, Գառնիի միջնադարյան եկեղեցիներ:

Արգելոց այցելելու հնարավորություն կունենան սահմանափակ թվով զբոսաշրջիկներ: Բնության հատուկ պահպանվող տարածք այցելուների տարեկան թույլատրելի քանակը դեռևս ճշգրտման փուլում է: Տուրօպերատորները, ներգնա տուրիզմով զբաղվող անհատները արդեն կարող են հայտեր ներկայացնել, որից հետո կստանան իրենց քվոտաները:«Շատ դեպքերում ուղեկցորդի ներկայությունը պարտադիր է նաև արգելոցի տարածքում տուրիստների վարքը կառավարելու և վայրի կենդանիներից պաշտպանելու համար»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է

«Կարող է, օրինակ, յուրաքանչյուրին բաժին ընկնել տարեկան 30 տուրիստ, ոչ ավելի, և այդ 30 տուրիստին իրենք պետք է բաշխեն ամբողջ տարվա սեզոնի վրա: Թույլ չենք տալու լիազորված սահմանաչափից ավելի զբոսաշրջիկների մուտքը Խոսրովի անտառ, քանի որ մարդածին ներգործության բաղադրիչը պետք է հասցնենք նվազագույնի»,- ընդգծեց Պետրոսյանը:

«Խոսրովի անտառ» արգելոցի մեկ ուղղությունը յուրաքանչյուր այցելուի համար կարժենա 2000 դրամ: Ստվերային շրջանառություներն ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումները բացառելու համար ներդրվել է էլեկտրոնային վճարման համակարգ: Վճարումները հնարավոր է կատարել EsyPay վճարային տերմինալի միջոցով: Հավաքագրված գումարները կծախսվեն արգելոցի տարածքում կենսաբազմազանության կայուն զարգացման, գիտական պոտենցիալի իրացման նպատակով:

«Գոյացող միջոցներն ուղղելու ենք այս կարևորագույն ռազմավարական օբյեկտի զարգացմանը, ներքին կարողությունների ընդլայնմանը, աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև տեխնիկական վերազինմանը, այդ թվում նաև տեսահսկման սարքերի և սիրողական անօդաչու սարքերի միջոցով նաև նկարահանմանը, պահպանության իրականացմանը։ Մեծապես կարևորում ենք նաև այս փուլում գիտական բաղադրիչի զարգացումը»,-հավելեց Պետրոսյանը:

Ծրագիրը շարունակական է և կարճ ժամանակ անց հասանելի կլինի նաև նախարարության ենթակայությամբ գործող այն բոլոր ազգային պարկերի, դենդրոպարկերի համար, որտեղ հատուկ պահպանվող ռեժիմ է սահմանված։