Ամեն րոպե հայերի և ադրբեջանցիների բախման վտանգ կա. ի՞նչ է կատարվում Վերին Շորժայում

Վերին Շորժա համայնքի ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ադրբեջանցիների հարևանությամբ ապրող գյուղացիների առօրյայի մասին, անդրադարձել սահմանային լարվածության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Sputnik
Ամեն րոպե հայերի և ադրբեջանցիների բախման վտանգ կա. ի՞նչ է կատարվում Վերին Շորժայում

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններից գլուխ չի հանում։ Ասում է` մինչև հիմա ուշքի չի գալիս, թե ինչպես մեկ օրում ադրբեջանցիները առաջ եկան, ու արդեն 3 շաբաթ է` նրանք մեր պետական սահմաններից չեն հեռանում։

«Արոտավայրերի երկայնքով առաջ են եկել, հասել են մեր ցանքերի գլխին։ Որտեղ մենք ցանքս ենք կատարում, եկել–հասել են մի 300-400 մետրի վրա։ Անասուններին քաշել են դեպի Վարդենիսի հատվածը։ Ես ոչ մի բան չեմ հասկանում սրանց արածից, թե ինչ են անում, ինչ են մտածում, չեմ հասկանում` ինչ է կատարվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Թե ինչ արդյունք կտան երեկ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունները, Երանոսյանը դժվարանում է պատասխանել, բայց դա չի խանգարում, որ գյուղացիները շարունակեն իրենց առօրյա գործերով զբաղվել` նոր պատերազմի վտանգն աչքի տակ ունենալով։

Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ–ում չեն կարող ադրբեջանցիների դիեր լինել, ՀՀ–ում հերքում են

«Ես լավատես եմ, գյուղատնտեսական աշխատանքներով եմ զբաղված, բայց չենք կարող ասել թեկուզ հենց հիմա, երբ մենք զրուցում ենք, թե ինչ կարող է կատարվել։ Ամեն րոպե հայերի և ադրբեջանցիների բախման վտանգ կա, եթե թշնամին դիմացդ է կարող է լավ բան մտածես, բայց մենք ոչ ընկճվում ենք, ոչ էլ վատն ենք մտածում»,- նշեց Երանոսյանը։

Նրա խոսքով` չնայած վտանգին` այս պահին գյուղացիներին զինելու անհրաժեշտություն չկա. ինչ պետք է, փորձառու զինվորականներն անում են։

Հիշեցնենք` երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ առավոտյան Գեղարքունիքում կրկին միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ։ Դրա հետևանքով երկու հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք են ստացել։