Երևանում հնչած կրակոցներից հետո Աբովյան փողոցը տևական ժամանակ կաթվածահար էր եղել, մեծ թվով ոստիկաններ ու քննիչներ էին աշխատում դեպքի վայրում։ Sputnik Արմենիան կադրեր է ներկայացնում սպանության վայրից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ինչի հետևանքով տղամարդ է սպանվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով`սպանվածը քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մտերիմներից է, անունը` Հովո։ Նա Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից է։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ` սպանված տղամարդը գործարար Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն էր։ Մարդասպանի թիրախը եղել է ոչ թե նա, այլ Քյավառցի Ռաֆոն, որը գտնվել է զրահապատ մեքենայում: