Գեղարքունիքում միջադեպ է եղել. 2 հայ զինվոր թեթև մարմնական վնասվածք են ստացել

Հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազեն չի կիրառվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Այսօր առավոտյան Գեղարքունիքում կրկին միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ։ Դրա հետևանքով երկու հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Փաշինյանն առաջարկում է սահմանային խնդիրը լուծելու համար միջազգային դիտորդներ տեղակայել

ՊՆ-ից հավելեցին` միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել. այն արագ հարթվել է հրամանատարության ջանքերով:

Միջադեպի մասին այլ մանրամասներ ՊՆ–ից չհայտնեցին։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 20-ին էլ հայտնել էր, որ միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ըստ հայկական կողմի` մի քանի տասնյակ կրակոց էր արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ էին բացել։ Դրանից հետո ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Հավելենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։