ԵՄ–ն կոչ է անում հրատապ կերպով համագործակցել «ձերբակալվածներին» վերադարձնելու հարցում

ԵՄ նախագահությունը փաստում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հրատապ խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է խաղաղ կարգավորման ճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Այսօր` հունիսի 2–ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել է Հարավային Կովկասի կայունությունն ու զարգացումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Նման հաղորդագրություն է տարածել ԵՄ–ն։

ԵՄ պատվիրակության ղեկավարն այցելել է Մեղրի և քննարկել անցակետի կառուցապատման հարցը

Միշելը հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունն ամբողջական կյանքի կոչելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Նրա խոսքով` ԵՄ-ն պատրաստ է սահմանազատման և սահմանագծման ոլորտում փորձագիտական գնահատականներ տրամադրել, ինչպես նաև աջակցել վստահության ամրապնդման հարցում։

Եվրամիությունը նաև կոչ է անում երկու կողմերին հրատապ կերպով համագործակցել «ձերբակալվածներին» վերադարձնելու, ականապատ տարածքների մասին ինֆորմացիայի տրամադրման հարցում։

Միաժամանակ, նշվում է նաև, որ ԵՄ-ն կողմերին շուրջ 20 մլն եվրո է տրամադրում որպես մարդասիրական օգնություն, և շարունակելու է այս հարցում իր աջակցությունը։

ՀՀ պետական ինստիտուտները ոչնչացված են. գերիների հարազատները ՌԴ նախագահին խնդրում են օգնել

Սակայն, ըստ Միշելի, վերոհիշյալ հրատապ խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է խաղաղ կարգավորման ճանապարհին։ ԵՄ նախագահությունը կոչ է արել երկու կողմերին վերսկսել կառուցողական բանակցությունները։

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԵՄ-ն խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի անվտանգությամբ, կայունությամբ և զարգացմամբ` որպես ԵՄ Արևելյան գործընկերության անբաժանելի մաս:

Գերիների հարցն Ադրբեջանը դարձրել է շանտաժի առարկա․ ԱԳ փոխնախարարի ժնևյան հանդիպումները