ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Տեղեկությունը, թե փրկարար ծառայությունը հրաժարվել է մեկնել Մասիսի աղբավայրի հրդեհի ահազանգով, իրականությանը չի համապատասխանում: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում «Բյուջե-2020»-ի քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:
«Նման բան չկա: Իհարկե, տեղեկությունը ճշտելու համար արդեն փրկարար ծառայության տնօրենի կողմից նշանակվել է ծառայողական քննություն»,- ասաց Փիլոյանը:
Բայցևայնպես, չսպասելով քննության արդյունքներին, նախարարի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ դրա արդյունքում պարզվելու է, որ նման բան չի եղել:
«Ուղղակի թյուրիմացություն է եղել: Ով որ զանգահարել է, ոչ թե զանգահարել է 911, այլ զանգահարել է մարզային հերթապահություն, և բնականաբար, մարզային վարչության հերթապահը զեկուցել է վարչության պետին, որ նման ահազանգ է ստացվել, աշխատակիցները մեկնել են հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու»,- ասաց Փիլոյանը:
Արդեն 9 օր է` փրկարարներին չի հաջողվում մարել Մասիսի աղբավայրի հրդեհը. տեսանյութ
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել: Հրդեհի դեմ պայքարում են մինչ օրս։