Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն այս պահին չեն շարունակվում. Գրիգորյանն ասաց` ինչու

Մհեր Գրիգորյանի խոսքով` Ռուսաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը սահմանային լարվածության ֆոնին արդյունավետ չի կարող լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն այս պահին չեն շարունակվում։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը։

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն, եթե ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն։ Իսկ այս իրավիճակում, այսինքն` սահմանին տիրող լարվածության ֆոնին, չեմ կարծում, որ կառուցողական կլինի շարունակել այդ աշխատանքները»,–ասաց Գրիգորյանը։

Անդրկովկասում շուտով կսկսվի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը. ՌԴ փոխվարչապետ

Նրա խոսքով` վերջին շրջանում այդ հարթակում աշխատանքներն ընդհատվել են։ Գրիգորյանը հստակեցրեց` մասնավորապես հայ–ադրբեջանական սահմանին սկսված լարվածությունից հետո է ընդհատվել խմբի աշխատանքը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ: