ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների մանկությունը պաշտպանելու ջանքերն անարդյունք կլինեն, եթե hայրենիքը՝ մեր սահմանը, մեր երկիրը, մեր տունը, մեր բակը խաղաղ և անվտանգ չլինեն: Այսօր` հունիսի 1–ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ուղերձն այս մտքով է սկսել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Դիմելով ծնողներին, նա շեշտել է, որ երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են: Նրանք անկեղծորեն հավատում ու վստահում են իրենց ծնողին, իրենց ընտանիքին, անկեղծորեն ուրախանում են անգամ ամենափոքրիկ հաջողության համար, անկեղծ հույսով ու հավատով շարժվում են առաջ նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ նոր են քայլել սովորում...
«Մենք իրավունք չունենք որևէ կերպ կասկածի տակ դնել նրանց ի ծնե անկեղծությունը: Ավելին, մեր ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ պետք է պատասխանատու և հանձնառու լինենք, որ նրանց մեջ երբեք չխաթարվի հավատը, չկորչի հույսը, չսասանվի վստահությունը: Այդպես մենք կամրացնենք մեր երկրի հիմքերը, այդպես կդաստիարակենք սերունդ, որը կհավատա ինքն իրեն, կհավատա, որ իրենի՛ց է կախված Հայաստանի վաղվա օրը»,–նշել է ՀՀ նախագահը:
Երբ միասնական ենք, կարողանում ենք հաղթել․ ՀՀ նախագահը ուղերձ է հղել
ՀՀ նախագահը շեշտել է` հավատում է, որ այսօրվա փոքրիկները մեր երկիրը դարձնելու են շատ ավելի լավը և մաղթել, որ մանկությունը նրանց համար լինի հայրենիքում խաղաղ ու անվտանգ երազելու, առողջ ու բարեկեցիկ ապրելու ժամանակաշրջան:
Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ