Որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանը և աճյունները տեղափոխել. ԱՆ–ի պարզաբանումը

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զոհվածների մասունքներն անցել են համապատասխան նույնականացում։ Նրանք սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել կապված սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում` դիահերձարանի հատակին պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած զինվորների մարմինների առնչությամբ։ Նշենք, որ լրատվականներում և սոցցնցերում լուսանկարներ էին հայտնվել դիահերձարանից, որտեղ երևում է սպիտակ պարկեր` լցված զոհված զինծառայողների աճյուններով։

«Կգնանք դիահերձարան` մեր աչքով կտեսնենք». անհետ կորածների հարազատները բացեցին Հերացին

«Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»,–նշված է հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև, որ այդ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար:

«Մինչև հիմա մրգի սառնարանում են պահել դիերը». անհետ կորածների հարազատները փակել են Հերացին

Առողջապահության նախարարության կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։