Մայիսի 30-ի առավոտյան թշնամու զինծառայողները Տեղ համայնքի հայ հովիվներից պահանջել են, որ անասուններին չարածացնեն Հայաստանի պետական տարածքում և սպառնացել են նրանց: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
Նրա խոսքով` հովիվների դիմադրության արդյունքում միջադեպը հարթվել է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կկրկնվի։
«Այդպիսի դեպքեր լինելու են, եղել են ու կլինեն։ Պետք է խելքներս գլուխներս հավաքենք, մեր բանակը զինենք»,-ասաց նա։
Շադունցն ասում է` փոքր միջադեպերը չհաշված` այս պահի դրությամբ համայնքում ընդհանուր առմամբ հանգիստ է, բայց ամեն պահի իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Պետք է շատ աշխատել, զգոնությունը բարձր պահել։
«Գիշերը գյուղի տղաները գնում են հերթապահության։ Փորձում ենք օգտակար լինել։ Ուզում ենք այնպես անել, որ ժողովուրդը գիշերները հանգիստ քնի։ էն, որ ասում էին` զենք չունենք, զինեք մեզ, զինել ենք»,- նշեց Շադունցը։
Ովքեր կարող են կանգնել Հայաստան–Ադրբեջան սահմանին․ Նիկոլ Փաշինյանի տարբերակները
Նշենք, որ վերջին շրջանում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպերը բավականին հաճախակի բնույթ են կրում։ Խնդրին անդրադարձել է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անվտանգային գոտի ստեղծելու անհրաժեշտությունը։