Ինչու միլիոնավոր քվեաթերթիկները չեն վերամշակվում, կամ ինչքան վնաս է հասցվում բնությանը

Ամբողջ աշխարհը ներգրավված է բնապահպանական խնդիրների լուծման գործում, զբաղված է աղբի վերամշակմամբ և անտառները փրկելով, իսկ Հայաստանում ընտրությունները կանցնեն «ուլտրա-ոչ բնապահպանական» ձևաչափով. յուրաքանչյուր ընտրող աղբարկղը կնետի ավելի քան 20 թղթե քվեաթերթիկ:
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

«Ակներև է, որ դա սխալ և բացարձակ անթույլատրելի է»․ բնապահպան Կարինե Դանիելյանը հենց այսպես պատասխանեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ձևի մասին Sputnik Արմենիայի հարցին։

Այս ընտրություններին ընտրողները քվեաթերթիկներում նշումներ չեն անի։ Տարածքում գրիչներ նույնպես չեն լինի։ Փոխարենը յուրաքանչյուր ընտրողի տրվելու է այնքան թերթիկ, որքան ընտրություններին մասնակցող կուսակցություններ ու դաշինքներ կան, իսկ ընտրողն այդ թղթերից կընտրի իր նախընտրելի քվեաթերթիկը և կդնի ծրարի մեջ։

Հայտնի է` որ քաղաքական ուժը ինչ թվի ներքո կմասնակցի ընտրություններին

Մյուս թղթերը կհայտնվեն աղբարկղում։ Պատկերացում կազմելու համար, թե ինչ քանակի թղթի մասին է խոսքը, նշենք, որ ընտրություններին մասնակցելու է 22 կուսակցություն և 4 դաշինք, այսինքն` յուրաքանչյուր ընտրողի 26-ական թերթիկ է տրվելու։ Այսպիսով, ամբողջ Հայաստանում աղբարկղում կհայտնվի ավելի քան 25 միլիոն թղթե քվեաթերթիկ։

«Դա հսկայական վնաս է էկոլոգիային, և մենք՝ բնապահպաններս, իմանալով, որ քվեարկության նման ձևի կիրառման քննարկումներ են ընթանում, մի քանի անգամ դիմել ենք` խնդրելով վերանայել որոշումը։ Մեկ այլ դժբախտություն էլ կա․ այդ բոլորը թղթերը հետո խոտան են համարվելու և ոչնչացվելու են։ Վերամշակման մասին խոսք անգամ չկա, դա նույնպես ճիշտ չէ»,-ասաց Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

««Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի համահիմնադիր Իրինա Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ առաջ ընտրություններից հետո բոլոր չօգտագործված թղթերն այրվում էին։

«Եվ ոչնչացվում էին ոչ թե հենց այդպես, այլ պլաստիկե տարաների մեջ»,- ասում է նա` ընդգծելով, որ այդպիսով բնությանը հսկայական վնաս էին հասցնում։

ԿԸՀ-ն հաստատեց ընտրության մասնակիցներին. որոշ թեկնածուներ հանվեցին ցուցակներից

Նրա խոսքով՝ իրենց կազմակերպությունն ու բնապահպանությամբ զբաղվող գործընկերները մի քանի անգամ դիմել են իշխանություններին՝ խնդրելով բոլոր չօգտագործված քվեաթերթիկներն իրենց փոխանցել՝ վերամշակման համար։

«Բայց միշտ միևնույն պատասխանն ենք ստացել` քվեաթերթիկները գաղտնի տեղեկություն են պարունակում։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ է ոչնչացվում այդ ամբողջ թուղթը։ Եթե Երևանում մենք գոնե աղբավայրեր ունենք, ապա մարզերում դա էլ չկա, այնպես որ, ըստ երևույթին, նրանք ուղղակի բաց տարածքում են ոչնչացնում թուղթը»,-ասում է Մկրտչյանը։

Ընտրական ծախսերն ավելին են, քան նախատեսված էր. Տիգրան Մուկուչյան

Նրա խոսքով՝ մեկ կգ թուղթը հնարավոր է վերամշակել և վերամշակված հումքից 800 գրամ նյութ ստանալ։ Թուղթը սկզբում տեսակավորում են, այնուհետև մաքրում ու մանրացնում, ապա վերածում են թելերի, ինչից հետո արդեն կարելի է նոր թղթի կամ այլ նյութի վերածել։ Հայաստանում թուղթը վերամշակումից հետո հիմնականում վերածվում է արկղերի, ստվարաթղթի, զուգարանի թղթի, քրաֆթ-թղթի,  ջերմամեկուսացնող և ձայնամեկուսացնող նյութերի, ավելի հազվագյուտ՝ գրագրական թղթի, անձեռոցիկների, թղթե սրբիչների, մեկանգամյա օգտագործման սպասքի, հագուստի կտորի։

«Միայն պատկերացնել կարելի է, թե ինչի կարող էր վերածվել այդքան քվեաթերթիկը»,-դառնությամբ ասում է Իրինա Մկրտչյանը։

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը համաձայնեց, որ ընտրությունների վրա մեծ քանակությամբ թուղթ է ծախսվելու, բայց նկատեց, որ սա անհրաժեշտ փոփոխություն է։

«Նախկինում քվեաթերթիկում նշվում էր բոլոր թեկնածուների անունները կամ կուսակցությունների անվանումները, և քաղաքացիները գրիչով նշում էին։ Սակայն բազմիցս զվարճալի դեպքեր են գրանցվել, երբ մարդիկ քվեաթերթիկի վրա գրում էին` ինչ մտքներով անցնում էր։ Հիմա մենք կխուսափենք նման գործընթացից»,-ասաց Մուկուչյանը։

Որքա՞ն է Հայաստանում ընտրողների թիվը

Բացի այդ, նրա խոսքով, ընտրությունների այսպիսի ձևը թույլ չի տա «կարուսելային» կեղծումներ իրականացնել․ դա ընտրակեղծիքի ձև է, երբ ընտրողը քվեաթերթիկն իր մոտ է պահում և փոխանցում է մյուսին` անհրաժեշտ պատգամավորի համար ևս մեկ ձայն ապահովելով։

«Բոլոր քվեաթերթիկները կխոտանվեն և կոչնչացվեն։ Առայժմ այլ գործընթաց նախատեսված չէ»,-ասաց Մուկուչյանը։

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր տոննա վերամշակված թղթի թափոնը 24 ծառ է փրկում, եթե հունիսի 20-ին ընտրություններին 20 կուսակցություն և դաշինք մասնակցի, Հայաստանում կոչնչացվի ավելի քանի 50 ծառ։