Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի. Բաքուն դեմ է

Դևլեթ Բահչելին նշել է, որ այդ ծրագրի համար հանգանակված գումարները կվերադարձվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

​Բահչելին նշել է, որ իրենք պատրաստ են ծրագիրն իրագործել, սակայն ադրբեջանական կողմը դրան հավանություն չի տվել։ Փոխարենը Բաքուն պատրաստել է մեկ այլ ծրագիր։ Թուրք ազգայնականները հարգանքով են վերաբերվել Բաքվի որոշմանը։ 

«Մի գնդակ չենք կրակել Շուշիում, թուրք չենք տեսել». ազատամարտիկը` քաղաքի գրավման մասին

Դևլեթ Բահչելին ընդգծել է, որ այդ ծրագրի համար հանգանակված գումարները կվերադարձվեն։

Հիշեցնենք` Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2021 թվականի հունվարի 26-ին։

Փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ լրջագույն մտահոգության հայտնելով ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունների առնչությամբ՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում:

Այս ամենը ցավոտ է. հիշում են Շուշին ազատագրած կամավորները

Արցախի ԱԳՆ–ի հայտարարության մեջ նշված էր, որ պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար:

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար