ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հայաստանում ռուս սահմանապահներն այսօր ծառայում են բազմապատիկ ավելի ծանրաբեռնվածությամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում ռուս-հայկական բարեկամության հուշարձանի բացման ժամանակ:
Նրա խոսքով` սահմանապահների ծառայությունը բարդացել է` Հայաստանին վերջին շրջանում բաժին հասած փորձությունների հետ կապված:
Պայմանագրով նախատեսված պարտավորություններից բացի, Ռուսաստանի սահմանապահ զորքերը ավելացրել են իրենց ներկայությունը Սյունիքի մարզում:
«Մենք բոլորս գիտենք, թե որքան զգայուն է իրավիճակը Հայաստանի համար, և դուք շատ մեծ ներդրում եք ունենում այն հարցում, որ մարդիկ, ովքեր հայտնվում են ծանր, ողբերգական իրավիճակում, որոշակի վստահություն ունենան այսօրվա և վաղվա օրվա նկատմամբ: Շնորհակալություն դրա համար», - ռուս սահմանապահներին ուղղված իր ելույթում ասել է Կոպիրկինը:
Դեսպանը նկատել է, որ հուշարձանի բացումը համընկել է Ռուսաստանի սահմանապահ ծառայության և Հայաստանի առաջին հանրապետության օրերի հետ:
«Ես ուզում եմ շնորհավորել մեր հայ գործընկերներին և եղբայրներին պետական տոնի առթիվ: Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը մարմնացումն է այն իրողությունների, որոնցում ապրում ու զարգանում են մեր երկրները, ինչը բխում է նրանց անվտանգային շահերի ընդհանուր լինելուց», - ասել է ՌԴ դեսպանը:
Ռուսական կողմը մասնակցում է բանակցություններին. փոխնախարարը` գերեվարված վեց զինվորի մասին
Հիշեցնենք՝ ռուս-հայկական բարեկամության հուշարձանը կանգնեցվել է այսօր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության շենքի դիմաց: