Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում է. տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Սարդարապատի հուշահամալիր է այցելել ՀՀ նախագահի ու Ազգային ժողովի նախագահի հետ։
Sputnik

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Նրանց անուններից երեք ծաղկեպսակ է դրվել հուշահամալիրի մոտ։

«Հարգանքի տուրք՝ Սարդարապատի ճակատարմարտի հերոսների հիշատակին»,– գրված է Փաշինյանի Facebook–յան էջում։

Նշենք, որ միջոցառումը փակ է լրագրողների և հասարակ քաղաքացիների համար․ ներկա են միայն պաշտոնյաները։

Հիշեցնենք` մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք։

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը, որն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:

Ֆրանսիայի դեսպանը հայերեն մաղթանք է հղել Հայաստանին