ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Դեպքերի որոշակի զարգացման պարագայում Հայաստանում կարող է քննարկվել ռազմական դրություն հայտարարելու տարբերակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` մեկնաբանելով ՀՀ սահմաններին լարվածության աճը։
«Եթե դեպքերը զարգանան, բնականաբար, այդ հարցի քննարկումը կարող է դառնալ իրողություն, և, բնականաբար, քաղաքական ուժերը պիտի գան կոնսենսուսի։ Նման հարցը միանձնյա որոշմամբ չի լինում։ Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը միասնաբար պետք է գնահատեն երկրում ստեղծված իրավիճակը և կայացնեն որոշում»,– ասաց նա։
Քոչարյանը նաև շեշտեց, որ ընտրություններն ու հետընտրական պրոցեսները ավելացնելու են երկրի ներսում լարվածությունը, և հակառակորդն այդ մասին շատ լավ գիտի։
Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։
Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։