Հայ զինվորականներին գերեվարելու փաստով քրեական գործ է հարուցվել. դատախազություն

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ և 131-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում 6 զինծառայողի գերեվարելու փաստով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Եթե Ադրբեջանը չվերադարձնի գերիներին, նրանք կփոխանակվեն գերիների հետ. Անդրանիկ Քոչարյան

«ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, 27.05.2021թ. շրջափակման մեջ վերցնելով ՀՀ տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ 6 զինծառայողներին շրջափակման մեջ գցելու, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով նրանց առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության տարածք տեղափոխելու դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) 5-րդ կայազորային քննչական բաժնին:

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։