ՀԱՊԿ–ը պետք է շատ օպերատիվ արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին. Մակունց

Օպերատիվ արձագանքի հապաղումը, ըստ Մակունցի, հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնից կոչով դիմել է Հայաստանից գործընկեր երկրներին ու կառույցներին` հստակ գնահատական ու հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի գործողությունների նկատմամբ։

«Մեր հանրության ու բոլորիս մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ–ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին։ Եվ այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների»,– ասաց Մակունցը` հիշեցնելով, որ այսօր Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարել է սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնող 6 զինծառայողի։

Ծովից ծով. իրանական նախագիծը կօգնի՞ Հայաստանին դուրս գալ մեկուսացումից և պահպանել Սյունիքը

Հետագա լարումներից ու բախումներից խուսափելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է, որ տեղի ունեցող իրադարձություններին արձագանքեն միջազգային բոլոր այն կառույցները, որոնց անհանգստացնում է Հարավային Կովկասում տեղի ունեցող անթույլատրելի զարգացումները` ՀՀ ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: