ՀԱԿ–ը ոչ մի դեպքում չի համագործակցելու Փաշինյանի հետ. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահը չի բացառում քաղաքական այլ ուժերի հետ միավորումը, բայց միայն մեկ հարցի` Փաշինյանի հեռացման շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik․ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիա կենտրոնում հայտարարեց, որ ՀԱԿ–ը բացառում է ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հետ որեւէ համագործակցություն:

«Պետք է հասկանալ, որ երկիրը ներկայիս կրիտիկական վիճակին է հասցրել գործող իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, և նրա հետ որեւէ համագործակցության մասին խոսք լինել չի կարող», – ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով` հնարավոր է` ՀԱԿ–ը միավորվի քաղաքական այլ ուժերի հետ, բայց միայն Փաշինյանի հեռացման խնդրի շուրջ։ Խոսքը, սակայն, Ռոբերտ Քոչարյանի մասին չէ։

Ժամանակն է սթափվելու. Զուրաբյանը հայտնեց` ինչու է ՀԱԿ–ը մասնակցում ԱԺ ընտրություններին

Այդ իշխանությունը բացարձակ չարիք է դարձել պետության համար, և ամեն նոր օր մեզ նոր դժբախտություններ է բերում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես այսօրվա դժբախտությունների մասնակից է», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Զուրաբյանի խոսքով` ՀԱԿ–ը գնում է ընտրությունների հաղթելու նպատակով։

«Ցավոք, իրադարձությունները ցույց տվեցին, որ միայն մենք ենք առողջ քաղաքական մտքի կրողը։ Քաղաքական ռացիոնալիզմն այսօր պետությանն օդի ու ջրի պես է պետք», - ասաց նա։

ՀԱԿ–ի նախընտրական ցուցակը կազմելիս ձգտել են դուրս գալ նեղ կուսակցական շահերից և ներգրավել այն մարդկանց, որոնք հետաքրքրված են երկրի վերականգնմամբ, պատրաստ են իրենց մասնագիտական ներդրումն ունենալ այդ խնդրի լուծման գործում:

ԱԺ ընտրություններում 5 հիմնական թեկնածուները

Զուրաբյանը ցուցակն ինչ-որ տեղ կոալիցիոն է համարում, քանի որ այնտեղ շատ մարդիկ կան տարբեր հասարակական կառույցներից ու խմբերից։

ՀԱԿ-ն այսօր հրապարակեց իր նախընտրական ցուցակը, որը բաղկացած է 101 անունից։ Այն գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Ցուցակում են նաև Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Արման Մուսինյանը, Եվա Ադամյանը, Տիգրան Պասկևիչյանը, Սուրեն Շահվերդյանը և այլք։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։

Մարդիկ խորանալու են ոչ թե ցուցակների մեջ, այլ նայելու են առաջին դեմքերին. քաղաքագետ