ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Գեղարքունիքում գերեվարված զինծառայողների հարցով Հայաստանի և Ադրբեջանի Գլխավոր շտաբերի միջև ուղիղ կապ չկա։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
Անմիջական կապ կա շփման գծում դաշտային հրամանատարների միջև։ Կողմերը միմյանց հետ շփվում են ռուսական միջնորդությամբ։
Ասրյանի խոսքով՝ չեն կարող երաշխավորել, որ գերության նոր դեպքեր չեն լինի, որովհետև «օբյեկտիվորեն նման երաշխիքներ տալ հնարավոր չէ»։ Այնուամենայնիվ, հայկական կողմը հաստատակամ է իր դիրքորոշման հարցում․ հայ զինծառայողները պետք է վերադարձվեն։
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: