Եկեք անկեղծ լինենք։ Եթե Անդրեյ Բիտովը, որն այսօր կդառնար 84 տարեկան, անհնազանդ գրողի համբավ չունենար, հաստատ չէր ծնվի նաև նրա «Հայաստանի դասերը» գիրքը։ 60-ականներին նա ուզում էր գնալ Ճապոնիա, բայց Ճապոնիա թույլ էին տալիս գնալ միայն, այսպես ասած, «հուսալի» հեղինակներին, ու Բիտովին ուղարկեցին Հայաստան։ Հետո արդեն, երբ հրատարակվեցին «Հայաստանի դասերը», այլ հանրապետությունների ղեկավարները սկսեցին դիմել նրան. «Չե՞ք գա, մեր մասին էլ գրեք»։ Համաձայնեք` Բիտովի ստեղծագործությունն իսկապես կարելի է համարել այլ երկրի, այլ ժողովրդի, նրա պատմության և մշակույթի հանդեպ մեծագույն հարգանքի խորհրդանիշ։
Մի հատված «Հայաստանի դասերից». «Այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանում գոյություն չունի պատմության սկիզբ՝ այդ երկիրը եղել է միշտ։ Այստեղ երևի չկա գեթ մի գյուղ, որը ժամանակին մայրաքաղաք չի եղել, չկա մի բլուր, որտեղ վճռորոշ ճակատամարտ տեղի չի ունեցել, չկա մի քար, որն արյամբ չի ողողվել և չկա մեկը, որն անտարբեր լինի այս ամենի նկատմամբ։ Իմ գրքում ես Հայաստանում ապրեցի շատ ավելի երկար, քան իրականում ապրեցի Հայաստանում՝ այնտեղ ես մնացի ընդամենը տասն օր, իսկ գիրքը գրել եմ երկու տարում»։
Մոտ 10 տարի առաջ Պրահայում ինձ բախտ վիճակվեց զրուցել Անդրեյ Բիտովի հետ, որն ասաց, թե Հրանտ Մաթևոսյանը, որի հետ ծանոթացել էր Լենինգրադում, մեծ դեր է խաղացել իր ստեղծագործական ճակատագրի վրա և կանխորոշել «Հայաստանի դասերի» ծնունդը։ Երբ ասացի, թե Խորհրդային Միության փլուզումից հետո Հրանտ Մաթևոսյանը գրեթե չի գրում, Բիտովը հակադարձեց. «Իսկ դուք ինչ գիտեք, որ չի գրում։ Եթե գրողը չի հրատարակվում, դա ամենևին չի նշանակում, որ նա չի գրում»։ Զրուցակիցս փաստեց, որ գրողները սովորաբար դադարում են ստեղծագործել, երբ մտնում են քաղաքականություն և վկայակոչեց Չեխիայի այն ժամանակվա նախագահ Վացլավ Հավելի օրինակը։
Ամեն մեկն իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում, կամ բեն Լադենի սպանությունը
Հետո հիշեց նաև Վանո Սիրադեղյանին, որը նույնպես սկսեց զբաղվել քաղաքականությամբ ու դարձավ ներքին գործերի նախարար։ «Անձամբ նրա հետ ծանոթ չեմ, բայց լսել եմ, որ նա շատ տաղանդավոր գրող է։ Այնինչ լավ նախագահներ և ներքին գործերի լավ նախարարներ չեն լինում», –կարծիք հայտնեց Անդրեյ Բիտովը` ավելացնելով. «Այն, որ Սիրադեղյանին Ինտերպոլն է փնտրում, ինձ համար մեծ նշանակություն չունի՝ ինչ երաշխիք, որ վաղը Ինտերպոլը չի փնտրելու նրանց, ովքեր այսօր Ինտերպոլով փնտրում են Վանո Սիրադեղյանին»։
Երբ ռուսաստանցի գրողը հրատարակում էր իր գիրքը Հայաստանի մասին, Մոսկվա ժամանեց մեր մշակույթի նախարարը, որին Երևանի քաղաքապետը խնդրել էր պարզել՝ արդյոք «լավ լույսով է երևալու այդ գրքում մեր մայրաքաղաքը»։ Հիմա տեսեք, թե ինչ սիրով է նկարագրել հեղինակը Երևանի հին կենտրոնը, որի մասին հետագայում Հայաստանի ղեկավարներից ոմանք խիստ բացասական են արտահայտվել, հայտնի ճարտարապետն էլ, եթե հիշում եք, «սարայ» էր անվանել հին տներից մեկը։
«Այդ հին թաղամասի բակերից որևէ մեկը մյուսին չէր կրկնում, բայց դրանցից յուրաքանչյուրը կատարյալ էր, զգացվում էր սերունդների շունչը, և վերջապես հասկանում էիր կյանքի իմաստը քեզնից առաջ և քեզնից հետո։ Ոչ մի պատմական կամ ճարտարապետական արժեք այդ տներն ու բակերը չէին ներկայացնում։ Դրանք հաստատ քանդվելու էին և դրանց տեղում վեր էին հառնելու նոր, հարմարավետ շենքերը։ Բայց չգիտեմ, արդյոք այդ նոր շենքերը նույնիսկ 100 տարի հետո ներծծված կլինեն նույն սիրով ու ջերմությամբ, և մարդ նույն երջանկությամբ կհամակվի, ինչ այս փոքրիկ ու անպաճույճ փողոցով քայլելիս»։
Համաձայնեք, միայն զարմանալ կարելի է, թե ինչպես է Բիտովը դեռ անցած դարի 60-ական թվականներին այսքան ճշգրիտ կանխատեսում արել Հյուսիսային պողոտայի մասին։
«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»
Իսկ մեր հարցազրույցի վերջում հարցրեցի. «Ախր ձեր գիրքն ավարտել եք` խոստովանելով, որ ձեր տպավորություններն այնքան շատ են, որ մեկ գրքում հնարավոր չէր տեղավորել, արդյոք չե՞ք ուզում Հայաստանի մասին երկրորդ գիրքը գրել»։ Կեսկատակ պատասխանեց. «Շատ չի լինի՞»։ Ու մի համառոտ ուղերձ հղեց հայաստանցիներին. «Ապրեք համբերությամբ, որը սովորել եք սերունդներից: Եթե ողջ ու առողջ եք, եթե անելու բան ունեք, մեծացնելու երեխաներ ունեք, դրանով էլ զբաղվեք: Ամեն մարդ կարող է մարդավարի ապրել: Իսկ եթե սպասեք, թե վերևից ինչ-որ բան կգա, դա էլ հենց ստրկությունն է: Համբերող եղեք»։