Արմեն Սարգսյանը գերեվարված զինծառայողների հարցով խոսել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ

Հայաստանի նախագահն առաջնային է համարել զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Եթե Ադրբեջանը չվերադարձնի գերիներին, նրանք կփոխանակվեն գերիների հետ. Անդրանիկ Քոչարյան

Հաղորդագրության համաձայն` ԳՇ պետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողներին գերեվարելու դեպքի և սահմանային իրավիճակի վերաբերյալ:

Հանրապետության նախագահն առաջնային է համարել համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի ու դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ:

Ըստ նախագահի` պետք է արվի առավելագույնը սահմանագիծը պահող մեր զինվորականների և Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

Նշելով, որ ՀՀ տարածքում Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է արժանանան միջազգային գործընկերների և միջազգային հանրության խիստ արձագանքին՝ նախագահն ասել է, որ շարունակելու է բարձրացնել հարցը միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:

«Ոմանք ուզում են, որ մենք համակերպվենք ադրբեջանական ուժերի ներկայության հետ». Փաշինյան

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։