Ռուսաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին. Գրեչուշկին

Ռուսաստանի ԱԻՆ–ի պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի հումանիտար օգնությունը տարածաշրջանում կախված կլինի առկա կարիքներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ-ը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։ Տեղեկությունը Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ուսումնական համալիրի տարածքում անցկացված վարժանքների ընթացքում հայտնեց գերատեսչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը:

«Լեռնային Ղարաբաղին առաջին մարդասիրական օգնություն ցուցաբերողը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն էր։ Կենտրոնը հենց դրա համար է նախատեսված, և այն կատարեց իր գործառույթը», - ասաց Գրեչուշկինը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Այս օգնությունը շարունակվում է, Ռուսաստանի ԱԻՆ ստորաբաժանումները մարդասիրական ականազերծում են իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Ռուս խաղաղապահները օգնություն են փոխանցել Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերի բնակիչներին

Հետագայում այդ աշխատանքը կշարունակվի, այն կանցկացվի` կախված տարածաշրջանի կարիքներից։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են