ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում . Փաշինյանը հստակություն է ակնկալում

Ըստ Փաշինյանի` ՀԱՊԿ գործընկերները պետք է տեղեկացված լինեն Ադրբեջանի իրական նպատակների մասին և այդ հարցի վերաբերյալ իրենց հստակ դիրքորոշումն արտահայտեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ Սև լճում Ադրբեջանի նպատակը ռազմական գործողություն հրահրելն է ու ուժի գործադրմամբ միջանցք բացելը։ Այս մասին այսօր ԱԺ–ում, պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ Ադրբեջանի այդ մտահղացումն այս պահին էլ չեզոքացված չէ։

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց նաև, որ հատկապես դեպի Նախիջևան միջանցք բացելն է եղել այն հիմնական պատճառը, որ Հայաստանը որոշում է կայացրել դիմելու ՀԱՊԿ–ին։

Մինչև Ադրբեջանը ՀՀ–ի տարածքից չհեռանա, բանակցություններ չեն լինի. Ավինյան

«Շատ է խոսվում, որ հայկական բանակն ուժային գործողություն չի անում, այլ դիմում է ՀԱՊԿ–ին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հենց ՀԱՊԿ–ն ու ՀԱՊԿ անդամ երկրներին են, որ ՀՀ–ին հորդորել են չգնալ իրավիճակի` ռազմական ճանապարհով հանգուցալուծմանը։ Այսինքն` տվյալ դեպքում ՀՀ–ը ՀԱՊԿ–ում հանդես է գալիս ոչ թե որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ բոլոր երկրները միասին ստեղծել են` նմանատիպ իրավիճակներում օգտագործելու համար»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ռազմական գործողության չգնալով` Հայաստանը նպատակ ունի նաև ՀԱՊԿ անդամ երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու։

«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման աշխատանքներ իրականացնել»,– ասաց Փաշինյանը։ Ըստ նրա` ՀԱՊԿ գործընկերները պետք է տեղեկացված լինեն Ադրբեջանի իրական նպատակների մասին և այդ հարցի վերաբերյալ իրենց հստակ դիրքորոշումն արտահայտեն։

«Ընդ որում, ես ուզում են ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ–ը և անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է այդտեղից իր զորքերը հետ քաշի։ Աշխատանքային մակարդակում, ընդ որում, այդ դիրքորոշումն արտահայտում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտում»,– ընդգծեց Փաշինյանը։

Ռուսական կողմը հերքել է հայկական ԶՈւ–ի կողմից կրակոցներ արձակելու տեղեկությունը

Նա նաև հիշեցրեց, որ խոսվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, բայց Ռուսաստանի հետ Ադրբեջանի սահմաններին ևս մինչ օրս դեմարկացիա ու դելիմիտացիա չեն արվել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

ՀՀ նախագահն ու Արման Թաթոյանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։