ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը` Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը` ֆեյսբուքյան գրառմամբ։
Հայտնել ենք, որ Զարիֆն այսօր առավոտյան է ժամանել Հայաստան։
«Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի»,–ասել է Այվազյանը։
Նրա խոսքով` այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է:
Այվազյանը, անդրադառնալով հայ-իրանական օրակարգին, նշել է, որ այն բավական ընդգրկուն է՝ հիմնված 2 ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա:
«Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունն ու հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»,–ասել է Այվազյանը։
Նշենք, որ Զարիֆը վերջին անգամ Հայաստան էր այցելել այս տարվա հունվարին, իսկ այս անգամ Հայաստան այցելելուց առաջ երեկ` մայիսի 25–ին, եղել է Ադրբեջանում։
Մեկնարկել է Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը. լուսանկարներ