ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ 2022թ–ին գնաճն ավելի ցածր կլինի, քան այս տարի։ Նման կանխատեսում այսօր ԱԺ նիստում արեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Մենք ունենք առաջարկով պայմանավորված գնաճ, որը, մեր գնահատականներով, տևելու է կարճ ժամանակահատված ու հիմնականում պայմանավորված է արտաքին պահանջարկի վրականգնումով ու ապրանքային շղթաների վերացմամբ։ Օրինակ` Չինաստանից 1 կոնտեյներ տեղափոխելու գինը շուրջ 4 անգամ թանկացել է` կորոնավիրուսով պայմանավորված։ Այս իրավիճակը մյուս տարի կշտկվի, մենք կվերադառնանք մեր բնականոն վիճակին»,– ասաց Գալստյանը։
Նրա խոսքով` այսօր հանրապետությունում գրանցված գնաճը պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով։ Հայաստանում դրան գումարվում է նաև արտարժույթի փոխարժեքը ու ստացվում է գնաճի այն մակարդակը, որն այսօր կա։
Որպես օրինակ` Մարտին Գալստյանը նշեց, որ ձեթի գինը միջազգային շուկայում շուրջ 80 տոկոս աճ է գրանցել։
«Կենտրոնական բանկը պատասխանատու է միջնաժամկետ գնաճի համար։ Միջնաժամկետը մեզ համար 3 տարին է։ Այսինքն` մենք պլանավորում ենք, որ միջնաժամկետ գնաճը պետք է 4 տոկոս լինի։ Կարող են լինել դեպքեր, երբ տարեկան գնաճը մի տարի գերազանցի այդ 4 տոկոսը, բայց մյուս տարիների ընթացքում մենք իրեն բերենք ավելի ցածր մակարդակի, որի արդյունքում միջինը կլինի 4 տոկոս»,– պարզաբանեց Մարտին Գալստյանը։
Հիշեցնենք` պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում ապրելը 2020թ–ի ապրիլից հետո թանկացել է 6.2 տոկոսով։
Ընդ որում, անցյալ տարվա համեմատ հատկապես սնունդը թանկացել է 8.3, մնացած ապրանքները` 8.5 տոկոսով։
Ինչով է պայմանավորված սննադամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը
Ռեկորդային թանկացում են գրանցել հատկապես ձեթն (73.5%) ու շաքարավազը (41%): Ձուն ապրիլի դրությամբ թանկացել է 55.7%–ով, միրգը` 10.4։
Ոչ պարենային ապրանքներից անցյալ տարվա աապրիլի համեմատ հատկապես թանկացել է վառելիքը. բենզինը` 31.1%, դիզվառելիքը` 11.1%–ով։
Գրեթե անփոփոխ են մնացել միայ կապի, կրթության ծառայությունների, գազի, ջրի ու էլեկտրաէներգիայի գները։
Առաջին անհրաժեշտության ապրանքների նվազումը լրացուցիչ խթան է գնաճի համար. տնտեսագետ