ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Տվերի վագոնաշինական գործարանում արտադրված 20 նոր ուղևորատար վագոններ կուղարկվեն Հայաստան։ Մայիսի 25-ին վերոնշյալ գործարանում տեղի ունեցավ վագոնների հանձնումը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։ 11 կուպե, 6 պլացկարտ և 3 ՍՎ վագոններն արդեն բերվում են Հայաստան: Եվս 7 վագոն կմատակարարվեն մինչև հունիսի վերջ: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն - խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը:
«Ծրագիրը կարևոր խթան է տալիս ամբողջ Անդրկովկասյան տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի և տնտեսության զարգացմանը, ինչպես նաև արագացնում է մեր երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական կապերը: Տարածաշրջանում իրավիճակի նորմալացումը հուսալի երկաթուղային կապ կպահանջի, որն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսական ներուժի և Եվրասիական տնտեսական միության երկրների ինտեգրման բոլոր առավելությունների բացահայտման համար», - ասել է Ալեքսեյ Օվերչուկը:
Նա հավաստիացրել է, որ ձգտում են, որ Հայաստանում ուղևորափոխադրումները համապատասխանեն ամենաբարձր պահանջներին և ստանդարտներին, լինեն հարմարավետ։
Գնացքն արդեն մեկնել է, կամ ճանապարհների ապաշրջափակումից կշահեն Ադրբեջանը, Թուրքիան...
«Ռուսական երկաթուղիներն ավելի քան 300 միլիոն դոլար են ներդրել ՀՀ ենթակառուցվածքներում, մենք աստիճանաբար կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները: Այս տարի կթարմացվի «Հարավկովկասյան երկաթուղու» գրեթե ամբողջ ուղևորատար շարժակազմը», - ասել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավար Օլեգ Բելոզյորովը:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի կարծիքով` նոր շարժակազմը կարևոր դեր է ունենալու Հայաստանի ուղևորային համալիրի զարգացման գործում:
«Շարժակազմն ամենաժամանակակիցն է և նախատեսված է բոլոր կատեգորիաների ճանապարհորդների համար: Հաշվի առնելով հունիսին սպասվող Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումների վերսկսումը, որը ավելի քան մեկ տարի չէր գործում համաճարակի պատճառով, սա լավ նվեր է Հայաստանի քաղաքացիների և հյուրերի համար արձակուրդային շրջանի մեկնարկից առաջ», - նշել է Ալեքսեյ Մելնիկովը:
Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր է սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կիրառվել է հատուկ գունային գամման:
Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն («Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը) կոնցեսիայով կառավարում է Հայաստանի երկաթուղիները 2008 թվականից: Հայաստանում իշխանափոխությունից հետո իրավապահները ստուգել են երկաթուղու գործունեությունը հարկերը չվճարելու կասկածանքով, սակայն փաստերը չեն հաստատվել, և գործը կասեցվել է: