ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին կոչ է արել լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:
«ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ նախագահը պետական համապատասխան կառույցներին հորդորել է գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:
Ադրբեջանցիները կրակել են հայ դիրքապահների ուղղությամբ. ՊՆ
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 25-ին` ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Միջադեպի մանրամասները ճշտվում են։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վերին Շորժայրում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։