Հայաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ–ին կդիմի նաև պայմանագրի 4-րդ հոդվածով. ԱԽ քարտուղար

Պայմանագրի 4-րդ հոդվածում նշված է` եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի, դա կդիտվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների նկատմամբ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ–ին կդիմի նաև պայմանագրի 4-րդ հոդվածով։ Այսօր Հայաստանի hանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Իրավիճակը կարող է ամբողջությամբ դուրս գալ վերահսկողությունից. ԱԽ քարտուղար

«ՀԱՊԿ–ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածք, որպեսզի առաքելությունը գնահատական տա։ Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ–ը առաքելություն կուղարկի»,– ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը հայտնեց, որ սահմանին այսօր գրանցված ցավալի միջադեպը վկայում է, որ ՀԱՊԿ–ը պարտավոր է արագացնել գործընթացը։

«Ճգնաժամը խաղաղ և դիվանագիտական ճանապարհներով լուծելու ուղիները սպառվում են, և ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով դիմելու իրավիճակ է ստեղծվում»,– ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ պայմանագրի 4-րդ հոդվածում գրված է` եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, դա կդիտվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների նկատմամբ:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։

«ՀԱՊԿ-ը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր». Հարությունյանը խոսել է Զասի հետ

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ սյունիքյան սրացումների հետ կապված` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է` պատրաստ է Հայաստանին նաև ռազմական աջակցություն ցուցաբերել։

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում. հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վերին Շորժայրում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։