Հարցը թիվը չէ, այլ դրոշը ցույց տալը․ Զատուլինը անդրադարձել է Սյունիքի իրավիճակին

Մոսկվան ուշադիր հետևում է իրադարձություններին և Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ինչպես և ՀԱՊԿ մյուս անդամները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ռուսաստանի հնարավորությունները չեն սահմանափակվում Հայաստանում զորքերի թվաքանակով, Sputnik Արմենիային ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Սյունիքում ռուսական զորքերի ուժեղացման հնարավորությունը։

Ստատուս քվոն պետք է վերականգնվի․ Զատուլինը՝ Ադրբեջանի կողմից սադրանքի մասին

«Հարցը մեր զինծառայողների թիվը չէ, այլ հենց նրանց ներկայության փաստը։ Այսպես ասած՝ դրոշի ցուցադրումը։ Ռուսաստանի հնարավորությունները չեն սահմանափակվում այս պահին Հայաստանում գտնվող զինծառայողների քանակական կազմով»,-ասաց Զատուլինը։

Նրա խոսքով, Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը ռազմակայանի մասին պայմանագրի հիման վրա, Ղարաբաղում խաղաղապահների առկայությունը նշանակում է, որ Մոսկվան ուշադիր հետևում է իրադարձություններին և անվտանգության երաշխավորն է, ինչպես և ՀԱՊԿ մյուս անդամները:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելուն, ապա այն խորհրդակցություններ է ենթադրում։ Հայաստանի կառավարությունը օգնություն չի խնդրել ագրեսիան հետ մղելու համար, որն այլ հոդվածով է ամրագրված։ Այժմ ՀԱՊԿ-ը կատարում է Հայաստանի իշխանությունների համապատասխան հարցումը։

Եթե իշխանությունը Սյունիք մտած թուրքի դեմ չի կռվում, ռուսը պիտի ասի՝ չէ, կռվե՞նք. Աբովյան

Զատուլինի խոսքով՝ Հայաստանի հետ ռազմական համագործակցություն եղել է, կա և կլինի։ Դա ենթադրվում է ստորագրված պայմանագրերով։ Միայն վերջին տարիներին մի քանի համաձայնագիր է ստորագրվել, որոնք վավերացվել են Պետդումայում։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը զարգանալու է։ Բայց  ռազմական համագործակցությունը երկրի հետ, որի կառավարությունն ի վիճակի չէ պաշտպանել ինքն իրեն, երբեք դրական արդյունքի չի բերում»,-նշեց Զատուլինը։

Նրա խոսքով, ոչ մի զենք, նույնիսկ ամենաժամանակակից զենքն ինքնին չի կրակում, և երկրի պաշտպանության ոչ մի հնարավորություն, օգնություն չի կարող արդյունավետ լինել, եթե համաձայնություն չկա հենց հայ հասարակության մեջ՝ Հայաստանում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի հարավում՝ Ադրբեջանին և Իրանին սահմանակից Սյունիքի մարզում 102-րդ ռուսական ռազմակայանի երկու հենակետ է ստեղծվել:

Սյունիքի իրավիճակը կարող է կրկնվել սահմանի այլ հատվածներում. Ռոբերտ Քոչարյան

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից գտնվում են ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում՝ փորձելով ամրապնդել իրենց դիրքերն այստեղ հայկական տարածքների հաշվին: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։

Այս ընթացքում ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։

Հակառակորդը լքել է տարածքի մի մասը, սակայն լիովին հեռանալ չի շտապում։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանից ռազմական օգնություն է խնդրել։ Միաժամանակ հայ զինվորականները լիակատար վերահսկողության տակ են վերցրել ադրբեջանական զորքերի մատակարարման ուղիները։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց պատրաստ է գործի դնել նաև ուժային տարբերակը, եթե բանակցությունները հաջողության չհասնեն։