Արցախի ներդրողները կարող են Ադրբեջանի դեմ հայցեր ներկայացնել միջազգային ատյաններ

Փաստաբան Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպես Արցախում ներդրումներ կատարած անձինք և կազմակերպությունները կարող են հայց ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան ընդդեմ Ադրբեջանի։
Sputnik

Սարգիս Գրիգորյանի հավաստմամբ` արցախյան վերջին պատերազմից հետո բազմաթիվ ներդրողներ մնացել են ձեռնունայն, որովհետև ադրբեջանական կողմը ոչնչացրել է ենթակառուցվածքները` մեծ վնաս հասցնելով Արցախի տնտեսությանը։ Իրավաբանի կարծիքով` արցախյան ներդրումները պետք է պաշտպանված լինեին ի սկզբանե, և այսօր էլ Հայաստանը պետք է հետևողականորեն պաշտպանի ներդրողների շահերը։ 

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում է Գյումրիում իրականացվող ներդրումային ծրագրին

«Պատերազմից հետո առաջացել են լուրջ իրավական խնդիրներ, սակայն ինձ զարմացնում է Հայաստանի կառավարության մոտեցումը, որն իր հերթին չի խրախուսում օտարերկրյա ներդրողներին, որպեսզի հայցեր ներկայացնեն Ադրբեջանի դեմ միջազգային տարբեր ատյաններում։ Մենք բազմիցս այդ կապակցությամբ առաջարկներ ենք ուղարկել պետական մարմիններին` մատնանշելով, թե ինչ իրավական հիմքերով, ապացուցողական բազայով և փաստարկներով կարելի է հանդես գալ նման նախաձեռնությամբ»,– նշեց Գրիգորյանը։  

Նրա պնդմամբ` թեև Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն չի ճանաչվել, բայցևայնպես այնտեղ կատարված ներդրումները, անկախ այդ հանգամանքից, օրինական են, որովհետև ավելացված արժեք են ստեղծել Արցախի պետության համար` նպաստելով նրա տնտեսության զարգացմանը, առավել ևս որ միջազգային պրակտիկայում նման նախադեպեր եղել են օրինակ` Իսրայելում, Կոսովոյում, Ղրիմում։ Հետևաբար Ադրբեջանը պետք է փոխհատուցի ներդրողներին հասցված վնասի չափով։