Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին. տեսանյութ

ՀՀ նախագահն ու ՌԴ դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի սահմանային իրավիճակին և գերիների թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանի սահմանային իրավիճակին, պատերազմից հետո մեր երկրում ստեղծված մարդասիրական խնդիրներին, մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։