Օնիկ Գասպարյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան

Գլխավոր դատախազությունն ու քննչական մարմինը Նիկոլ Փաշինյանի և Վաղարշակ Հարությունյանի գործողություններում հանցակազմ չեն գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դատարան են դիմել մայիսի 21-ին։

Օնիկ Գասպարյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և Վաղարշակ Հարությունյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով: Դատախազությունը դիմումն ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որը հրաժարվել էր գործ հարուցել։

ՀՔԾ որոշման դեմ բողոք էր ներկայացվել դատախազություն, որը նույնպես մերժվել էր։ Այժմ որոշել են դատարան դիմել:

Հիշեցնենք` Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից պաշտոնապես հեռացրին մարտի սկզբին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելուց մի քանի օր անց։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկու անգամ հրաժարվեց ստորագրել վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը։ Սակայն մարտի 9-ին վարչապետի որոշումն ուժի մեջ մտավ սահմանադրական նորմի հիմքով։

Գեներալը դիմել է վարչական դատարան, որը բավարարել է հայցը և նրան թողել պաշտոնում։ Չնայած դրան՝ կառավարությունը ԶՈւ ԳՇ նոր պետ է նշանակել Արտակ Դավթյանին։ Գասպարյանն իրեն պաշտոնից ազատելն անօրինական է համարում։