Ի՞նչ ավերածություններ է արել քամին Երևանում ու մարզերում. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հաստաբուն ծառը թեքվել, իսկ արմատները դուրս են եկել հողից։
Sputnik

Երեկվա քամին Հայաստանի մայրաքաղաքում ու մարզերում ծառերի ճյուղեր ու տանիքների կառուցատարրեր է պոկել, էլեկտրական լարեր վնասել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեսանյութում երևում են քամու թողած հետևանքները։

Քամու վնասները քիչ էին՝ հիմա էլ անձրևը. ԱԻՆ-ը ներկայացնում է իրավիճակը Երևանում

Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնները մայիսի 23-ին, ժամը 16։22-ից սկսած ահազանգեր են ստացել, որ Երևանի Կասյան, Մելիքյան, Էրեբունի, Խաղաղ Դոնի, Աթոյան, Ծերենցի, Շիրազի, Անդրանիկի, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան, Հալաբյան, Միքայելյան, Արարատյան, Դրոյի փողոցներում, Իսակովի պողոտայում, Արարատի մարզում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Մարգարա գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան, Նոր Հաճն քաղաքներում, Ջրվեժ գյուղում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, պոկվել են ծառի ճյուղեր և էլեկտրական լարեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարները ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղերը, ամրացրել շենքերի տանիքների պոկված թիթեղները, սահմանազատել տարածքները և իրականացրել հերթապահություն։