«Ադրբեջանցիները հո իրենք իրենց չե՞ն թունավորելու». Կարեն Մանվելյան

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արցախյան 44–օրյա պատերազմից հետո կենսաբազմազանության ոլորտում առաջացած խնդիրներին։
Sputnik

Կարեն Մանվելյանը նշում է, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքները բնականաբար հարուստ են կենսաբազմազանությամբ, և դրանց կրճատումն ըստ էության բացասաբար է անդրադառնալու մեր կենսագործունեության վրա։

Սևանա լիճը սնուցող հիմնական ակունքները հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ. նախարար

Անդրադառնալով այն հարցին, որ ադրբեջանցիները ՀՀ սահմանների ուղղությամբ իրենց առաջխաղացման դեպքում հատկապես թիրախավորում են հատուկ պահպանության գոտիները` ձգտելով տիրել ջրային ռեսուրսներին, ինչպիսին է, օրինակ, Սև լճի տարածքը, Մանվելյանն ընդգծեց, որ հարևան երկրում կա գերարածեցման ու արոտավայրերի հետ կապված լուրջ խնդիր, հետևաբար ադրբեջանցիների մղումներն այդ առումով թեև հասկանալի, բայցևայնպես ընդունելի չեն։

«Այդուհանդերձ հակված չեմ այն մտքին, որ ադրբեջանցիները կարող են թունավորել ջրավազանների ու գետերի ջրերը։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բոլոր ջրերն ի վերջո հոսում են դեպի Կասպից ծով, այսինքն` ադրբեջանցիները հո իրենց չե՞ն թունավորելու»,– նշեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։

Մանվելյանը վկայակոչեց աֆրիկյան ու լատինաամերիկյան որոշ հակամարտող երկրների օրինակը, որոնք կարողացել են յուրօրինակ հանգուցալուծում գտնել, հետ են քաշել զինված ստորաբաժանումներն ու տարածքները թողել բնությանը` ստեղծելով այսպես կոչված «խաղաղության այգիներ»։ Մանվելյանը նման հնարավորություն տեսնում է նաև հայ–ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման պարագայում։ Պարզապես երկու կողմերն էլ, ըստ նրա, այդ հարցում պետք է կամք դրսևորեն, առավել ևս, որ սահմանի երկու կողմերում էլ կան հատուկ պահպանության կարգավիճակ ունեցող տարածքներ։

«Ջրագիծը վթարվել էր». Սիսիանի զանգվածային թունավորման հնարավոր պատճառը ջուրն է