Տեղահանվածները տուն կունենան. Արցախում մեկնարկում է բնակարաններով ապահովելու ծրագիրը

Դիմումատուն կարող է նշել, թե վերաբնակեցման համար առաջարկվող շրջաններից որ մեկն է նախապատվելին ընտանիքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ըստ հաղորդագրության՝ բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։

Վերցրեցի հիշողությունն ու գդալները. արցախցի Լյոկան 3 անգամ տուն է կորցրել, բայց չի կոտրվել

«Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերով նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն, ազգանուն):

Դիմումոմ պետք է տեղեկություններ լինեն ընտանիքի անդամների թվի, կազմի վերաբերյալ, ներկայացվեն ընտանիքի անդամների անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտի համարը)։
Նաև դիմումատուն պետք է նշի, թե վերաբնակեցման համար առաջարկվող շրջաններից նախապատվելի որ մեկն է։

Դիմումները կարելի է ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ mss.nkr@mail.ru, նաև նախարարության Facebook-ի պաշտոնական էջին։

Ստեփանակերտում 10 000 տեղահանված կա. քաղաքապետը հայտնել է` տարեվերջին քանիսը տուն կստանան

Նշենք, որ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախորդ տարվա դեկտեմբերին իր հարցազրույցում նշել էր, որ Արցախում ռազմական գործողությունների հետևանքով մոտ 35-45 հազար մարդ զրկվել է տանիքից։ Այս թիվը ներառում է թե՛ նրանց, ովքեր կորցրել են տունը հրետակոծությունների հետևանքով, թե՛ նրանց, ովքեր տնից զրկվել են Արցախի տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով։