«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է Սյունիքում ռուսական զորամիավորում ստեղծել

Կուսակցությունը խոստանում է ստեղծել Արցախյան 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Թուրք-ադրբեջանական նոր սպառնալիքներին դիմակայելու համար «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ընդլայնել Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգային համաձայնագիրը և Սյունիքում նոր զորամիավորում ստեղծել։ Այսօր կուսակցության երրորդ համագումարում նախընտրական ծրագիրը ներկայացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Չեն կարող ինքնաձիգը մեր գլխին դնել ու ասել՝ եկեք քննարկենք ով որտեղ է կանգնելու. Մարուքյան

«Վերանայել ռազմական դոկտրինը, արդիականացնել և վերազինել բանակը, ամրացնել և նորագույն տեխնոլոգիաներով կառուցապատել նոր ձևավորված պետական սահմանը, սահմանը պահպանել միայն պրոֆեսիոնալ զինծառայողներով»,- շարունակելով երկրի անվտանգությունն ապահովելուն ուղղված կուսակցության ծրագրի ներկայացումը՝ նշեց Գորգիսյանը։

«Լուսավոր Հայաստանը» կարծում է, որ Արցախյան հակամարտության հայանպաստ լուծման համար անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները։ Պատրաստակամ են գործուն քայլեր անել Արցախի բռնազավթված տարածքների վերադարձի համար։ Հետևողական են լինելու, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատասխանատվության ենթարկվի պատերազմական հանցագործությունների համար։

Հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար «Լուսավոր Հայաստանը» խոստանում է՝ ստեղծելու են Արցախյան 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողով։ Անելու են ամեն ինչ, որ պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները բավարարեն։

ԼՀԿ-ն առաջարկում է փոխել Սահմանադրությունը, ընդլայնել նախագահի և ԱԺ-ի լիազորությունները

Հիշեցնեք, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակված հունիսի 20-ը։