Դեռևս մի քանի տարի առաջ ավտոմեքենաները (հատկապես արտասահմանյան) գրեթե շքեղություն էին Հայաստանում, ինչի վկայությունն են ամենամյա ներկրման վիճակագրության բավականին համեստ տվյալները։ Բայց հիմա մեքենաները, ինչպես և պետք է լինի, փոխադրամիջոց են դարձել։ Մեքենա գնելու բազմաթիվ ձևեր են ի հայտ եկել` մարդիկ վարկ են վերցնում, պայմանավորվում են մեքենայի տիրոջ հետ ու մաս–մաս վճարում... Բացի այդ, շուկայում առաջվա պես շատ են 90-ականներին և 2000-ականներին արտադրված մեքենաները, որոնց գինը տարեցտարի նվազում է։ Նշանակում է, որ աճում է ավտոմեքենա գնելու հնարավորություն ունեցող մարդկանց թիվը։
Կորոնավիրուսը խառնեց դիլերների և վարորդների խաղաքարտերը
Մենք վերլուծել ենք, թե ինչ է կատարվել մեքենաների շուկայում համավարակից առաջ և հետո։ Չէ՞ որ հենց կորոնավիրուսի համավարակի հետևանքով էր, որ սահմանները փակվեցին, և ավտոմեքենաների շուկան հիմնավորապես «սկեց»։
Ավտոմեքենաների ներկրման պիկը եղել է 2019թ․-ին, երբ Հայաստան է բերվել 208 000 մեքենա։ «Կորոնավիրուսային» հաջորդ տարում այս թիվը մի քանի անգամ կրճատվել է՝ կազմելով ընդամենը 14 հազար։ Վաճառքի ծավալների վիճակը նույնքան վատ է եղել. Ճանապարհային ոստիկանությունը Sputnik Արմենիային տվյալներ է փոխանցել, ըստ որոնց` 2019թ․-ին Հայաստանում հաշվառվել է ավելի քան 280 հազար մեքենա, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը հասել է 113 հազարի։
Համավարակն ու սահմանների հետագա փակումը, ինչպես նաև Ռուսաստանում «հայկական» ավտոմեքենաների արգելքը հանգեցրին նրան, որ ներկրողները ստիպված եղան հույսը դնել միայն ներքին շուկայի վրա։ Բայց այդ շուկան շատ փոքր է և ոչ այնքան վճարունակ։ Եվ որպես հետևանք բախվել ենք մի իրավիճակի, երբ Երևանում ամեն քայլափոխի, յուրաքանչյուր բենզալցակայանի կամ գազալցակայանի մոտ կարելի է «Վաճառվում է» ցուցանակով առնվազն մեկ-երկու մեքենա տեսնել։ Իսկ ավտոշուկայում խառնաշփոթ է տիրում։
Ո՞վ կփրկի հայկական ավտոշուկան
Կիրակի առավոտյան այցելեցինք Երևանի ավտոշուկա։ Մի քանի հեկտար տարածքում, Նուբարաշեն վարչական շրջան տանող մայրուղու երկու կողմերում տասնյակհազարավոր մեքենաներ են կանգնած, որոնցից շատերն արդեն 2 տարի է`այնտեղ են։ Դրա մասին են վկայում խամրած լուսարձակները կամ պլոկվող ծածկույթը։
Sputnik Արմենիայի հարցմանը մասնակցած վաճառողները միաձայն պնդեցին, որ իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը ռուսաստանցիներին ու ղազախստանցիներին «վերադարձնելն» է։ «Լենուբոլ» 2018 և 2019 թվականներին հենց նրանք էին հիմնական հաճախորդները։
«Եթե երկու տարի առաջ ամսական մինչև 2-3 մեքենա էինք վաճառում, հիմա կատաստրոֆիկ վիճակ է։ Հերիք չի` համավարակի պատճառով ճամփեքը փակվեցին, հետո էլ Ղարաբաղում պատերազմը սկսվեց։ Շուկայի համար ծանր ժամանակներ են»,-ասաց վաճառողներից մեկը` Հարություն Մելքոնյանը։
Ճիշտ է, մեր զրուցակիցը հասցրել է վաճառել այն տարիներին բերված ավտոմեքենաների հիմնական մասը։ Նրա մոտ հիմա ընդամենը մեկ «Toyota Ipsum» մինիվեն է մնացել, որը կանգնած է մինիվենների երկար շարքում և ոտքից գլուխ շողշողում է։ Պատճառը պարզ է`հաճախորդին առաջին հերթին պետք գրավի ապրանքի տեսքը։ Ահա թե ինչու են վաճառողները կանգնած լաթերը, սպունգերն ու փայլեցնող հեղուկները ձեռքներին և ժամանակ առ ժամանակ սրբում են թափքերը։
Այս մարդկանցից շատերը ժամանակին վարկեր են վերցրել` գրավ դնելով իրենց տունը, մեկ այլ անշարժ գույք կամ ավտոմեքենաների գնման վրա ծախսելով իրենց բոլոր խնայողությունները՝ հետագայում դրանց վաճառքից գումար վաստակելու հույսով։ Հիմա ապրանքը չի վաճառվում, բայց վարկերը մնացել են։ Նրանք համաձայն են անգամ վնասով վաճառելու տարբերակին, միայն թե ազատվեն մեքենաներից։ Քչերն են համաձայնվում խոսել տեսախցիկի առաջ․ օբյեկտիվը տեսնելուն պես զգուշանում են, խորհուրդ են տալիս դիմել «կոլեգաներին»։
Մեր հերթական զրուցակիցը՝ Ալբերտ Հովեյանը, մի քանի մինիվեն ունի շուկայում։ Պատմում է, որ ամբողջ նախորդ տարվա ընթացքում ընդամենը երեք մեքենա է վաճառել, այս տարի` ոչ մի հատ։ Նա կտրականապես հրաժարվում է լուսանկարվել։
Հովեյանի խոսքով՝ ժամանակին յոթտեղանոց մեքենաները մեծ պահանջարկ ունեին, գնողները ղազախստանցիներն ու ռուսաստանցիներն էին։ Հայաստանում այդ մեքենաներն առանձնապես պահանջարկ չունեն։ Հենց այդ պատճառով էլ վաճառքի հանված մեքենաների առյուծի բաժինը մինիվեններն են` «Honda Elysion», «Nissan Elgrand», «Toyota Alphard», «Toyota Ipsum»։ Վաճառողները նշում են, որ հիմա ամենավաճառվող մեքենաները 5-7 հազար դոլարանոց փոքր մեքենաներն են, ինչպես նաև միջին չափի սեդանները՝ «Toyota Camry», «Toyota Corolla», «Hyundai Elantra», «Hyundai Sonata», «Kia Optima» և մի շարք այլ նմանատիպ մոդելներ։
Դիտարկում․ մինչև օրս այդպես էլ պարզ չէ, թե ինչու արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ ռազմական ղեկավարությունը մինիվեններ չէր օգտագործում անձնակազմին տեղափոխելու համար։ Զինծառայողներին Արցախ էին տեղափոխում հիմնականում ավտոբուսներով, իսկ առաջնագծին ավելի մոտ՝ կամուֆլյաժային «ՈւԱԶ»-ներով, «ԶիԼ», «Ուրալ», «ԿԱՄԱԶ» բեռնատարներով, որոնք հեշտ թիրախ էին դառնում թշնամում ԱԹՍ-ների համար։ Իսկ մինիվենը, ավելի շարժունակ ու արագընթաց լինելով, շատ ավելի արդյունավետ տրանսպորտային միջոց կլիներ։ Դա, ցավոք, չարվեց։ Եվ հազարավոր մեքենաներ շարունակում են ժանգոտվել՝ սպասելով իրենց գնորդներին։
Հսկայական ավտոգերեզմանատուն
Շուկայի գերհագեցվածությունը որոշ ժամանակ անց կարող է մեր երկիրը հսկայական ավտոգերեզմանատան վերածել։ Մեղավորը 2018-19թթ․-ի ավտոմոբիլային «բումն» է։ Հենց այդ երկու տարիներին գրանցվեց ԱՄՆ-ից և Եվրոպայից բերվող մեքենաների հիմնական հոսքը։
Մինչ 2020 թվականը Հայաստանն օգտվում էր ներմուծվող մեքենաների համար ազգային մաքսատուրքերի ժամանակավոր պահպանումից։
Այդ տուրքերը զգալիորեն ցածր էին Եվրասիական տնտեսական միության համանման ցուցանիշներից։ Դրա հետևանքով Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները զանգվածաբար մեքենաներ էին գնում Հայաստանում։ Ենթադրվում էր, որ Միության երկրներից որևէ մեկում մաքսազերծված ապրանքը կարող է անարգել շրջանառության մեջ լինել մյուս բոլոր երկրներում։ Ուստի ղազախստանցի դիլերները զգալի թվով մեքենաներ էին բերում Հայաստանից, ինչպես նաև Ղրղզստանից։
Սակայն հետագայում դա ռուսաստանցների և ղազախստանցիների և, ինչպես հետագայում պարզվեց, նաև հայ ներկրողների դեմ շրջվեց։ Թեև այս պատմության մեջ նրանց մեղքի բաժինն էլ կա, ընդ որում՝ ոչ փոքր բաժինը։
Թե ինչպես հայկական համարներով մեքենաներն «անցանկալի» դարձան
Ռուսաստան և Ղազախստան ներմուծված հայկական համարանիշներով մեքենաների սեփականատերերից շատերը որոշակի պահից հայտնվեցին իրավապահ մարմինների տեսադաշտում։ Հաճախակի դարձան նրանց մասնակցությամբ զանազան իրավախախտումները։ Նրանք մի տեսակ «իմունիտետ» ունեին․ տեսախցիկներն արձանագրում էին խախտումները, բայց տուգանքի որոշումները ոչ մեկին չէին ուղարկվում։ Ռուսական և հայկական գերատեսչություններն այդպես էլ ընդհանուր բազա չստեղծեցին, թեև այդ մասին շատ էր խոսվում։
Հենց այդ պատճառով էլ ՌԴ ՆԳՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունն անցած տարի որոշեց, որ ՌԴ քաղաքացիները կարող են 2014թ․-ի հոկտեմբերից մինչև 2020թ․-ի հունվարի 1-ը հայկական համարներով մեքենաները շահագործել միայն համապատասխան մաքսային փաստաթղթերի առկայության դեպքում։ Արդյունքում 2020թ․-ի հուլիսից սկսած` ավելի վաղ ներկրված հայկական համարներով մեքենաները փաստացի անօրինական դարձան։
Պարզվեց, որ այդ մեքենաները Հայաստանից ժամանակավորապես դուրս բերելու իրավունք ունեին միայն Հայաստանում մշտապես բնակվող անձինք։ ԵԱՏՄ այլ պետություններում մեքենաների տվյալ կատեգորիան մինչև 2023 թվականը համարվում է օտարերկրյա ապրանք (Մաքսային միության ապրանքի կարգավիճակ չունի), իսկ Հայաստանում մշտապես չբնակվող անձինք դրանք կարող են շահագործել միայն մաքսատուրքերի տարբերությունը վճարելուց հետո (Հայաստանում կիրառված արտոնյալ տուրքերի և միասնական մաքսային սակագնի (ՄՄՍ) տարբերությունը):
Արդյունքում հազարավոր մարդիկ ծայրահեղ բարդ, եթե չասենք՝ անելանելի իրավիճակում են հայտնվել։ Նրանք ստիպված են կա՛մ մեքենաները հետ բերել Հայաստան և վաճառել, կա՛մ մաքսազերծել եվրասիական սակագներով։ Մեկ այլ տարբերակ էլ կա՝ սպասել մինչև 2023թ․-ը, երբ մեքենաները Մաքսային միության ապրանքի կարգավիճակ կստանան։
Հայաստանում մեքենաներ գնելով՝ օտարերկրյա գնորդները հույս ունեին, որ գնումն ավելի էժան կնստի և իրենք կա՛մ գումար կխնայեն, կա՛մ կվերավաճառեն ու մի քիչ գումար կվաստակեն։ Ստացվեց հակառակը` փող, ժամանակ ու նյարդեր ծախսեցին և դեռ պետք է մաքսազերծեն Եվրասիական սակագներով։ Իսկ դրանք մի քանի անգամ բարձր են արտոնյալ սակագներից, որոնցով մեքենաները մաքսազերծվել են Հայաստանում։ Օրինակ՝ պայմանականորեն 5 հազար դոլար արժողությամբ «հայկական» մեքենան Ռուսաստանում կարող է մաքսազերծվել 8-9 հազար դոլարով։ Այսինքն` մեքենայի գինը սեփականատիրոջ համար գրեթե կրկնակի աճում է։
Այդ դեպքում ավտոմեքենան նրանց համար ավելորդ բեռ է դառնում։ Օգտվել չի կարելի, իսկ մինչև 2023թ․-ը պահելը նշանակում է նոր ծախսեր անել կայանատեղի համար։ Էլ չասած, որ երկար ժամանակ կանգնած մնալու դեպքում մեքենան փչանում է, գինը՝ նվազում։ Այս ամենը չէր կարող չզայրացնել մարդկանց։
Ղազախստանցիների համար գայթակղությունը մեծ է
Չնայած սահմանները փակ են, շուկայում հիմա էլ կարելի է ղազախստանցիների հանդիպել։ Նախկինում նրանք մեքենայով էին գալիս, ճանապարհն առավելագույնը 300 դոլար էր նստում։ Հիմա գալիս են ինքնաթիռով, ընդ որում՝ տարանցիկ ճանապարհով՝ Մոսկվայով, քանի որ Հայաստանի ու Ղազախստանի միջև ուղիղ չվերթերը դեռ չեն վերականգնվել։ Ճանապարհածախսին ավելանում է ավտոմեքենան տեղափոխելու ծախսը։ Մեկ մեքենայի տեղափոխման արժեքը մի քանի հարյուր դոլար արժե։ Այս ամենով հանդերձ Հայաստանում մեքենա գնելն ավելի ձեռնտու է։
Դանիար Շարիպովը Աստանայից է եկել, ուզում է թարմ «Toyota Camry» գտնել։ Ասում է, որ իր հայրենակիցներն օգտվում են մեքենաների ժամանակավոր ներմուծման թույլտվությունից։
«Պետությունը թույլ է տվել ժամանակավոր հաշվառման կանգնեցնել։ Մինչև 2020 թվականի մարտի 1-ը Ղազախստան ներմուծված մեքենաները ձևակերպվում են որպես «ժամանակավոր ներմուծում», դրանց վրա համապատասխան համարներ են դրվում, մենք հարկեր ենք վճարում դրանց համար»,-պատմում է Շարիպովը։
Թե ինչ կլինի մյուս տարի, նա չգիտի։ Բայց չափազանց մեծ է Հայաստանում թարմ, քիչ վազքով «Տոյոտա» ու «Հոնդա» գնելու գայթակղությունը։
«Ես շատերին գիտեմ, որ ուզում են գալ այստեղ՝ թարմ մեքենա գնելու։ Սահմանների բացմանն են սպասում։ Այստեղ հարմար գներ են։ Բուն Ղազախստանում մեքենաները շատ թանկ են, 1,5-2 անգամ թանկ, քան այստեղ։ Հայաստանում եղանակն էլ է բարենպաստ, մեքենան չի ժանգոտվում, ինչպես մեզ մոտ»,- մեզ հետ զրույցում ասաց Շարիպովը։
Իհարկե, Ղազախստանի իշխանություններին առանձնապես չեն ուրախացնում հայկական համարներով մեքենաներն ։
«Երբ Ղազախստանի սահմաններից դուրս գրանցված ավտոմեքենաները ներմուծվում են անձնական օգտագործման համար, օրենք է խախտվում: Նման ավտոմեքենան օրինական օգտագործելու համար պետք է մաքսային «զտում» անցկացնել, ОТТС հավաստագիր ստանալ, վճարել օգտահանման տուրքը, ԱԱՀ-ն, նախնական գրանցման տուրքը և ղազախական համարներ ստանալ»,- Sputnik Արմենիային ասաց «ԿազԱվտոՊրոմ» ոլորտային միության վարչության նախագահի տեղակալ Արթուր Միսկարյանը։
Սակայն փոխզիջումային լուծում այնուամենայնիվ գտնվել է։ Միսկարյանը նշում է, որ ԵԱՏՄ երկրներից ներմուծված և Ղազախստանում հաշվառված ավտոմեքենաների տերերը ավտոմեքենան սահմանված ժամկետում արտոնյալ հիմունքներով գրանցելու հնարավորություն են ստացել: Սկզբում ժամկետը եղել է մինչև 2021 թ․- մարտի 1-ը, հետո երկարացվել է մինչև 2022 թվականի մարտի 1-ը: Բայց մեր զրուցակցի խոսքով` որոշ քաղաքացիներ գիտակցաբար խախտում են օրենքը, ընդ որում՝ հաճախ նման տեխնիկան օգտագործելով կոմերցիոն տեղափոխման կամ վերավաճառքի համար։ Ինչ-որ առումով դա նպաստում է սև շուկայի առաջացմանը։
Օրենքը թույլ է տալիս հայկական համարանիշներով մեքենաների շահագործման ևս մեկ մեխանիզմ օգտագործել։ Ղազախստանցիները Հայաստանում մեքենա են գնում, ձևակերպում են տեղի բնակչի անունով, վերջինս նրանց լիակատար լիազորագիր է տալիս, և այդ փաստաթղթի հիման վրա մեքենան կարելի է օգտագործել Ղազախստանում։ Ճիշտ է, թե մինչև երբ այդ մեխանիզմը կաշխատի, ոչ ոք չգիտի։
Իսկ այդ ժամանակ Ռուսաստանում․․․
Ամենաբարդ իրավիճակը Ռուսաստանում է։ Ինչպես վերևում նշվեց, ՌԴ քաղաքացիներին արգելված է շահագործել «հայկական մեքենաները»։ Ռուսաստանցի իրավաբան-խորհրդատու Գոռ Ղազարյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունները ժամանակին իրավունք չունեին թույլ տալ, որ հանրապետությունից մեքենաները դուրս բերվեն ԵԱՏՄ այլ երկրներ։
«Արդեն 10 ամիս է՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարողանում դուրս գալ այս թակարդից, որի մեջ ընկել են Հայաստանում մեքենա գնելուց հետո։ Արտոնյալ պայմաններով մաքսազերծված ավտոմեքենաները նախատեսված են եղել բացառապես Հայաստանի ներսում շահագործելու համար։ ՀՀ ղեկավարությունը խախտել է ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի 40-րդ կետը»,-նշեց նա Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Իրավաբանի խոսքով` Հայաստանի ներսում այդ տրանսպորտային միջոցների նկատմամբ որևէ մաքսային վերահսկողություն չի սահմանվել։ Իսկ որ Հայաստանը խախտում է պայմանագրի 40-րդ կետը, այդ մեքենաները գնող օտարերկրյա քաղաքացիները, բնականաբար, չէին կարող իմանալ։
Այս տարվա փետրվարին ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ առաջարկում էին օրինականացնել հայկական համարանիշներով մեքենաները։ Բայց այդ նախաձեռնությունը զարգացում չունեցավ։
Ռուս քաղաքական գործիչները գուցե նորից վերադառնան այդ գաղափարին, առավել ևս, որ աչքի առաջ ունեն Ղազախստանի դրական փորձը։ Իսկ մինչ հայ գործարարները ստիպված են կիրակիներն անցկացնել ավտոմեքենաների անվերջանալի «տոնավաճառներում»։