Անապատից եկած շոգը Երևանի երկինքը պատել էր փոշու խիտ ամպով

Անապատային հոսանքներն արդեն նահանջում են, փոշին ու շոգը կնահանջեն, կսկսվեն տեղումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Չնայած երեկոյան ժամերին Երևանում ու մարզերի որոշ հատվածներում տեղացած անձրևին` Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայիսի 21-22-ին, ցերեկային ժամերին Հայաստանում անոմալ շոգ է գրանցվել։

Ինչո՞ւ է Երևանում լույսը «թռչկոտում»․ պարզաբանում է դիսպետչերական կենտրոնի տնօրենը

Ռեկորդային բարձր ջերմաստիճանն ապահովել են արաբական անապատներից Հայաստանի տարածք ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքները։

Ամենաբարձր ջերմաստիճան գրանցվել է մայիսի 21-ին, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +36–ից +36,3–ի, որը 1 աստիճանով գերազանցել է 1999թ․ գրանցված պատմական ռեկորդը՝ +35,3 աստիճանը։

Իսկ մայիսի 22-ին անապատներից եկող օդային զանգվածներն իրենց հետ նաև անապատային փոշի էին բերել, ինչի հետևանքով հատկապես Արարատյան դաշտի ու Երևանի երկինքը կեսօրից հետո պատվեցին փոշու ամպով։ Նկատվեց հորիզոնական տեսանելիության կտրուկ նվազում։

Անապատային հոսանքները, սակայն, արդեն նահանջում են` իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, որի արդյունքում փոշին ու շոգը կնահանջեն, կսկսվեն տեղումները։