Մենք չպետք է թույլ տանք մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. ՀՀ ՄԻՊ

Սահմանազատումը կարող է տևել տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ։ Ուստի, ըստ Թաթոյանի, սահմանազատումը կարելի է իրականացրել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։ Նման տեսակետ է հայտնել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»,–Facebook–ի իր էջում գրել է նա:

Ըստ նրա` լարվածությունը չի մարելու այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանական իշխանությունները շարունակում ու խորացնում են հայատյացության ու ֆաշիզմի հասնող թշնամանքի, ցեղասպան քաղաքականությունը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ:

Ադրբեջանցիները 7 րոպե թիրախային կրակ են վարել. Շոշի մոտ տեղի ունեցած դեպքի մանրամասները

«Ադրբեջանի նախագահն անընդհատ սպառնալիքների լեզվով է խոսում մեր երկրի ու ողջ բնակչության մասին: Նա հպարտանում է, որ ատելության ու թշնամանքի զգացումով  մեծացել է մի ողջ սերունդ»,– արձանագրում է Թաթոյանը:

Նրա խոսքով` ադրբեջանական իշխանությունները շարունակում են հոգեկան տառապանքներ պատճառել հայ գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, խախտել գերիների իրավունքները` նրանց իրական թիվը չհրապարակելով ու հայրենիք չվերադարձնելով:

Արդյունքում դաժանությունների կրկնվելու իրական վտանգը վերացած չէ, ավելին` Ադրբեջանի զինծառայողները ներկա են ՀՀ ինքնիշխան տարածքում` Գեղարքունիքում և Սյունիքում` խաթարելով հայաստանյան հասարակության հոգեկան անդորրը:

Սյունիքի միջհամայնքային ճանապարհներին էլ արձանագրվում են իրավունքների կոպիտ խախտումներ ու սադրանքներ (Գորիսից Կապան ճանապարհին քարերով հարվածել են մեքենային, Արավուսի հովիվին քաշքշել ու հարվածել աչքին, Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը փակել ադրբեջանական մեքենայով): Իսկ Սյունիքի ճանապարհներին ադրբեջանական ցուցանակների, դրոշների ու զինվորականների տեղակայումը հոգեբանական լարվածության է առաջացնում, ունի ահաբեկելու նպատակ, դրանով, ՄԻՊ–ի գնահատմամբ, խախտվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները, այդ թվում` ազատ տեղաշարժի  իրավունքը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ՀՀ սահմանների վերաբերյալ հայտարարության ընդունումը

Բացի այդ, սահմանազատումը կարող է տևել տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ։ Ուստի, ըստ Թաթոյանի, սահմանազատումը կարելի է իրականացրել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

ՀՀ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է դեռ 1992–ին. Մելոյան

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ մայիսի 20–ի կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։