Սերժ Սարգսյանը գործի է անցել. «Պատիվ ունեմ»–ի ցուցակում հայտնվել են «օտար» կանայք

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` «Պատիվ ունեմ» դաշինքի երկրորդ տասնյակում ձայն բերող ՀՀԿ-ականներն են կամ նրանց զավակները։ «Հայրենիքի» անդամներին իջեցրել են 3–րդ տասնյակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Հայաստանում նախընտրական ցուցակների կազմման փուլում դաշնակիցներն ու կուսակիցները սկսում են խռովել միմյանցից և հեռանալ։ Գրեթե ավարտուն տեսք է ստանում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը, իսկ «Հայրենիք» կուսակցության անդամները զարմանքով տեղեկացել են, որ իրենք ցուցակի առաջին երկու տասնյակում չկան։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։ 

Լևոն Տեր–Պետրոսյանը կլինի վարչապետի թեկնածուն, եթե ՀԱԿ–ը մասնակցի ընտրություններին

Ըստ թերթի` ցուցակի առաջին մասը կազմել են Սերժ Սարգսյանն ու Իշխան Զաքարյանը։ 

«Թեև նախապես Սերժ Սարգսյանն ասել էր, որ ինքը չի լինելու ցուցակում և ցուցակը կազմելու է Արթուր Վանեցյանը, բայց դանդաղ և հուշիկ քայլերով նա գործընթացը վերցրել է իր ձեռքը։ Նախ որոշվել է, որ ցուցակը բաշխվելու է համամասնաբար՝ 5 հոգի Վանեցյանի թիմից, 5-ը՝ ՀՀԿ-ից։ Ապա խնդրել է, որ առաջին կնոջ տեղում դրվի իր երիտթևի ներկայացուցիչը, և հաջորդ 5 կանանց տեղերը տվել է Վանեցյանին, իսկ քանի որ «Հայրենիքում» շատ չեն կանայք, ստացվել է, որ ցուցակում հայտնվել են «օտար» կանայք՝ 6-րդ համարն «Իմ քայլից» անկախացած Թագուհի Թովմասյանն է, 9-րդը՝ «Հանրապետությունից» անկախացած Թեհմինա Վարդանյանը, 12-րդը՝ դատական համակարգից «անկախացած» Կարինե Պետրոսյանը»,–գրում է թերթը։

Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում

Ցուցակի 5-րդ համարը Իշխան Զաքարյանն է, առաջին տասնյակում է նաև գյումրեցի Մարտուն Գրիգորյանը։

Երկրորդ տասնյակում ձայն բերող ՀՀԿ-ականներն են կամ նրանց զավակները։

Իսկ «Հայրենիք» կուսակցության քաղաքական թիմը երրորդ տասնյակում է։ Այսինքն՝ եթե «Պատիվ ունեմ» դաշինքից ԱԺ մտնի 10-15 հոգի, ապա թիմը գլխավորելու է Արթուր Վանեցյանը՝ մի խումբ հանրապետականների և «Հայրենիքի» հետ կապ չունեցող մարդկանց հետ։

«Դա նշանակում է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ստվերից կառավարելու է Սերժ Սարգսյանը»,–եզրակացնում է թերթը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը Հայաստանում նախատեսված է անցկացնել հունիսի 20-ին։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին