Ռուսական կողմն առաջարկել է ստեղծել եռակողմ հանձնաժողով` սահմանների հարցով. Մակունց

Տավուշի` 3 և Արարատի մարզի 1 գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին հարց, Լիլիթ Մակունցի տեղեկություններով, փաստաթղթում չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ռուսական կողմն առաջարկել է ստեղծել եռակողմ հանձնաժողով` սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերի քննարկման համար։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Իմ ունեցած տեղեկությամբ` հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց, աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկում կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ԶՈւ–երն ամբողջությամբ լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը»,– ասաց Մակունցը։

Փաստաբանների պալատի նախագահը մտահոգ քաղաքացիներին հրավիրում է ՀՀ կառավարության շենքի մոտ

Նա նաև շեշտեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության  նիստում հայտնել էր, որ միայն Հայաստանի առաջադրած պայմանների իրականցման դեպքում այդ փաստաթուղթը կբխի ՀՀ շահերից։

Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկությանը, թե փաստաթղթով նախատեսվում է Ադրբեջանին հանձնել Տավուշի` 3 և Արարատի մարզի 1 գյուղ , Մակունցը նշեց, որ իր տեղեկություններով, այդ հացերը փաստաթղթում չկան։

«Եվ ես կարծում եմ, դժվար չէ գուշակել, որ եթե նման բան լիներ, ոչ մի բան չէր խանգարում տվյալ անձին ոչ թե փակել փաստաթղթի այդ հատվածը, այլ  հրապարակել»,– ասաց իշխող խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Անդրանիկ Քոչարյանը եթերից է իմացել աղմկահարույց փաստաթղթի մասին

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։