ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցելելուց

Տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Ուրիշ ինչի՞ մասին են խոսել Շոյգուն և Հարությունյանը. ՀՀ ՊՆ–ն իր տարբերակն է ներկայացրել

«Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության  դեպքում ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժային տարբերակով։ Այս պարագայում քաղաքացիական անձանց ներկայությունը կարող է միայն խանգարել հայկական ստորաբաժանումներին՝ լիարժեք կատարել իրենց առջև խնդիրները,-նշված է հաղորդագրության մեջ։

Տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ։

ՊՆ-ն կոչ է անում ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին և անհարկի խնդիրներ չառաջացնել զինված ուժերի համար։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 17–ին. ՊՆ-ն` աղմկահարույց տեսանյութի մասին

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Դրանք պետք է շարունակվեին մայիսի 19-ին, սակայն ադրբեջանցիները չէին ներկայացել բաանակցությունների վայր։