Մինչև նոր փաստաթղթի քննարկումները ադրբեջանցիները պետք է լքեն ՀՀ տարածքը. Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ գործող իշխանության հաջողության մի մասն էլ հրապարակային աշխատանքի արդյունք է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Եռակողմ նոր փաստաթղթի առնչությամբ դեռևս քննարկումներ չեն սկսվել։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` հավելելով, որ այդ փաստաթղթի մասին իրենք խոսել են դեռ երեկ։

Ինչու ՊՆ-ն հերքեց, ապա հաստատեց հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի լուրը

«Մինչև այս փաստաթղթի մասին քննարկումներ սկսելը շատ կարևոր է, որպեսզի Ադրբեջանի ԶՈւ–ն լքի ՀՀ տարածքը։ Սա է պատճառը, որ ավելի կոնկրետ հաղորդակցություն հանրության հետ չի լինում։ Մենք ասել ենք, որ եթե խաղաղ ճանապարհով չկարողանանք լուծել այս խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով`Ադրբեջանի ԶՈւ-ի՝ ՀՀ տարածքը լքելու հարցով աշխատանքներ են տարվել միջազգային կառույցների հետ և տարվում են։ Գրիգորյանը նշեց` հանրությունը տեղյակ է, թե ինչ գործընթաց է գնում։ Ավելին, Գրիգորյանը վստահեցնում է, որ հնարավորինս հրապարակային են աշխատելու, և գործող իշխանության հաջողության մի մասն էլ հրապարակային աշխատանքի արդյունք է։

Հավելենք, որ ինչպես պետական մարմինները, այնպես էլ հասարակությունը տեղյակ չէր, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում կնքել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Փաստաթղթի պատճառով փոթորկված Երևանը. բողոքի ակցիայի ամենավառ կադրերը

«Ահա փաստաթուղթը, որի մասին գրել էի». Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։