Կառավարության գործողություններում չկա և չի կարող լինել որևէ դավադրություն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը խոստանում է ավելի մանրամասն պարզաբանումներով հանդես գալ: Չի բացառվում, որ նա խոստացած հայտարարությամբ հանդես գա ԱԺ արտահերթ նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել է, որ կառավարության գործողություններում չկա և չի կարող լինել որևէ դավադրություն։

«Ասք այն մասին, թե ինչպես են իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը և գալարվում են այն մտքից, որ իրենց երազած պատերազմը չի սկսվում, առավելևս այն մտքից, որ կառավարության գործողություններում չկա և չի կարող լինել որևէ դավադրություն»,– շեշտել է նա։

Փաշինյանը խոստացել է այդ թեմայով ավելի մանրամասն հայտարարություն անել այսօր երեկոյան:

Հիշեցնենք` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

«Ահա փաստաթուղթը, որի մասին գրել էի». Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Անդրանիկ Քոչարյանը եթերից է իմացել աղմկահարույց փաստաթղթի մասին

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

ՀՀ ԱԺ–ն այսօր` 18։00-ին, արտահերթ նիստ է գումարելու։ Չի բացառվում, որ Փաշինյանը խոստացած հայտարարությամբ հանդես գա հենց այդ ժամանակ։