ՌԱԴԻՈ

ՀԱՊԿ–ին դիմելը ճի՞շտ էր, կամ ովքե՞ր պիտի սահմանազատում անեն հայ–ադրբեջանական սահմանին

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀԱՊԿ–ին դիմելու որոշմանն ու կազմակերպության արձագանքին։
Sputnik
ՀԱՊԿ–ին դիմելը ճի՞շտ էր, կամ ովքե՞ր պիտի սահմանազատում անեն հայ–ադրբեջանական սահմանին

ՀԱՊԿ–ին դիմելը ճիշտ էր, բայց պետք է նաև հասկանալ, որ այդ կառույցն այս հարցում մեր դաշնակիցը չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Հետևաբար անհրաժեշտ է թույլ չտալ, որ սահմանազատման գործընթացն իրականացվի ՀԱՊԿ–ի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, այլ իրականացվի հայ–ադրբեջանական բանակցությունների միջոցով, որտեղ ՀԱՊԿ–ն կարող է ընդամենը երաշխավոր լինել, որպեսզի կողմերից ոչ մեկն ուժային լուծման տարբերակ չպարտադրի»,– ասաց նա` նշելով, որ ՀԱՊԿ–ն իր ձևավորման օրից ի վեր նման մարտահրավերի առջև չէր կանգնել, երբ կազմակերպության անդամ կոնկրետ երկրի տարածքային անձեռնմխելիությունը խախտվել է, հետևաբար ՀԱՊԿ–ն իր արձագանքով յուրատեսակ գնահատական է տալիս ստեղծված իրավիճակին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մայիսի 19-ին կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստն ամփոփելիս հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ում տագնապով են հետևում Սյունիքի մարզում տիրող իրավիճակի զարգացմանը։ Գլխավոր քարտուղարն ասել էր, որ ՀԱՊԿ-ում ողջունում են Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը։

Եթե ՀԱՊԿ–ում սկսեն կրակել, դա կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի. Փաշինյան

Բաղդասարյանի խոսքով`ՀԱՊԿ–ը գործողություններ կարող է իրականացնել բացառապես անդամ երկրների կոնսենսուսի դեպքում, մինչդեռ այդ կառույցում ի դեմս մահմեդական երկրների, մեր հակառակորդներն ավելի շատ են, քան դաշնակիցները։

Ըստ նրա` ՀԱՊԿ–ը մեզանում միշտ ընկալվել է որպես պաշտպանություն թուրքական ներխուժումից, և ամենածանր երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ Ադրբեջանը գալու է ու մտնելու է Սյունիք, Գեղարքունիք, հետևաբար հայ–ադրբեջանական սահմանային լարվածության հարցով ՄԱԿ–ի հետ չենք աշխատել, ինչն, ըստ քաղաքագետի, սխալ է։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։