ՍԴ–ն մերժել է Քոչարյանի գործով գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր «սահմանադրական կարգի տապալման» հոդվածով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի- Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Սահմանադրական դատարանը մերժել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը։ Ըստ դատախազության` ՍԴ որոշումը կամայական է։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց

Ավելի վաղ` 2021թ.–ի մարտի 26–ին, ՍԴ–ն որոշել էր, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը և Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր «սահմանադրական կարգի տապալման» հոդվածով:

Դրանից հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ խնդրելով պարզել, թե արդյո՞ք ՀՀ Սահմանադրությանը համապատասխանում է Քոչարյանի քրեական հետապնդման անհնարինության կամ նրան առաջադրված մեղադրանքի լրացման մասին հոդվածը:

«ՍԴ–ն մայիսի 14-ի որոշմամբ դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել է՝ գտնելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՍԴ՝ դատական քննության փուլում քննվող քրգործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Դատախազությունը վստահեցնում է, որ ՍԴ-ն նմանօրինակ այլ դեպքերում ցուցաբերել է կտրականապես հակառակ մոտեցումը։

Հետևաբար, գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու մասին ՍԴ որոշումը ոչ միայն ուղղակիորեն հակասում է իր նախկինում արտահայտված դիրքորոշումներին, այլև կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով սեփական նախկին դիրքորոշումն անտեսելու ակտ է։

300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը